«Մինչև 150.000 դրամ ստացողների վիճակը կարող է վատթարանալ». Տնտեսագետ
Ազգային Ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ գրեթե միաձայն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունը՝ 114 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: Կողմ էին քվեարկել նաև ընդդիմադիր խմբակցությունները:
Նոր Հարկային օրենսգրքով տարեկան մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսները կվճարեն շրջանառության հարկ՝ խուսափելով ավելացրած արժեքի հարկից։
Նոր Հարկային օրենսգրքի ամենաքննարկված փոփոխությունը եկամտահարկի համահարթեցումն է։ Այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս, համապատասխանաբար՝ մինչև 150 հազար դրամ, 150 հազարից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար։ Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից արդեն՝ 20 տոկոս։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ռիսկ է տեսնում, որը վերաբերում է ամբողջ ֆիսկալ դաշտին:
«Եթե գնում ես նման մոդելի, ապա դա ենթադրում է՝ պետությունից շատ բան չակնկալեք: Բյուջեն գնում է փոքրացման ռեժիմով: Սոցիալական շատ գործառույթներ թողնում են բիզնեսի, աշխատողների վրա, որ նրանք իրենց գլխի ճարը տեսնեն: Մենք առողջապահության, սոցիալական ոլորտում ակնկալիքներ ունենք: Այսօր մի քիչ ստվերը կրճատվել է, բյուջե շատ փող է մտել, բայց դա ժամանակավոր է, հավերժ չէ, ու կարող է լուրջ խնդիր ծագել:
Այս փոփոխության հետևանքով մինչև 200.000 դրամ ունեցողներից են վերցնում: Կարող է՝ այն խավը, որ մի քիչ ավելի լավ է վաստակում, նրանց վիճակն ավելի կլավանա, իսկ մինչև 150.000 դրամ ստացողների վիճակը կարող է վատթարանալ: Մենք կարող ենք կորցնել մինչև 150.000 դրամ ստացողներին: Կարող եք հարցնել տարբեր մարդկանց, թե ո՞ւմ աշխատավարձն ինչքանով ավելացավ փետրվարի մեկից. մինչև 150.000 դրամ ստացողները պատասխանելու են՝ զրո: Իսկ դրանից բարձր ստացողները լավ թիվ են ասելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշոտ Խուրշուդյանը:
Նրա խոսքով՝ շատ երկրներ, որ նման քաղաքականություն են իրականացրել, հասկացել են, որ գնալով բևեռը մեծանում է, ու հետ են կանգնել այդ քայլից:
«Տնտեսական աճ ու ավտոմատ սոցիալական բարեկեցություն բանաձևը չի աշխատելու, ռիսկը շատ մեծ է: 90-ականներին էլ էին ասում՝ տնտեսությունը որ աճի՝ ամեն ինչ կընկնի իր տեղը: Դա չեղավ, պետությունը չկարողացավ իր վրա այդ գործառույթը վեցնել: Բերեմ Էստոնիայի օրինակը: Շատերն Էստոնիան գովաբանում են՝ հարկերի պարզեցման, համահարթեցման քաղաքականության համար, որով տնտեսական լավ աճ ունեցավ: Դա իրականում ճշմարտության կեսն է:
Առաջինն այն է, որ այդ կերպ Էստոնիան կարողացավ շվեդական «Էրիքսոն» ֆիրման ներգրավվել: Այսինքն, եթե նման քաղաքականության արդյունքում նման ռազմավարական ներդրող կա, ուրեմն արժե խոսել: Էստոնիայի տնտեսական կտրուկ զարգացման հիմնական գրավականն «Էրիքսոն» ընկերությունն էր: Երկրորդ՝ Էստոնիայի հարկը համահարթ չի եղել: Միշտ ունեցել է չհարկվող շեմ: Հարկը պարզեցված համահարթ պրոգրեսիվ է»,- մանրամասնեց Աշոտ Խուրշուդյանը:
Տնտեսագետը նկատում է՝ հարկային, տնտեսական քաղաքականությունն այդպես էլ չի անդրադառնում կարևոր մասի, որը ստվերն է:
«Հարկերը պարզեցնելով՝ ստվերը չի վերանում: Ստվերի ամենամեծ խթանը հենց հարկային համակարգն է ստեղծել: Առաջին տեղում առևտրականներն են, ովքեր ապրանք են ներմուծում: Մի կողմից՝ ուզում են, որ մեր տնտեսությունն աճի, մյուս կողմից՝ ամբողջ գործիքակազմով նպաստում ենք, որ ներմուծումն աճի: Շփոթմունքների աստիճանի հարկային օրենք կա, որով արտադրողին երեք տոկոսով են հարկում, ներմուծողին՝ 3.5: Թող ինձ պատասխանեն, թե որ ոլորտն է ստվերից դուրս եկել»,- եզրափակեց Աշոտ Խուրշուդյանը:
Անի Կարապետյան