«Այն, որ Ադրբեջանը կարող է պղտոր ջրում ձուկ որսալ, բոլորի համար է ակնհայտ». Ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Հարցազրույց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ

– Պարոն Կոնջորյան, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հուլիսի 4-8-ը կայանալիք լիագումար նիստում քննարկման է դրվելու իռլանդացի պատվիրակ Ալան Ֆարելի հակահայկական բանաձևն Արցախյան հակամարտության վերաբերյալ, որում առկա են «յոթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացված տարածքների» վերաբերյալ ձևակերպումներ: Դուք երբվանի՞ց եք տեղեկացել այդ մասին, ինչո՞ւ դուք ինքներդ չեք բարձրաձայնել դա, ինչո՞ւ պետք է այդ մասին Տիգրան Ուրիխանյանից իմանայինք։

– Նախ մի ճշգրտում՝ ոչ թե հակահայկական բանաձև, այլ կա բանաձևի նախագիծ, ինչպես սովորաբար լինում են բանաձևերի նախագծեր, և այդ նախագծի տասնյակ կետերի շարքում կան և՛ պրոհայկական, և՛ պրոադրբեջանական կետեր, ինչպես սովորաբար լինում է բոլոր միջխորհրդարանական պլատֆորմներում՝ թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ ԵԱՀԿ ԽՎ-ում: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ուժեղացնենք պրոհայկական կետերը և թուլացնենք պրոադրբեջանական կետերը, որը ևս ընդհանուր միջխորհրդարանական դիվանագիտության մեջ նորմալ գործընթաց է:

Այն պահից, երբ բանաձևը դրվել է շրջանառության մեջ, և մենք տեղեկացել ենք այդ կետերի մասին, դա շուրջ 2 ամիս է, մենք աշխատում ենք համապատասխան միջխորհրդարանական խողովակներով, դիվանագիտական հարթակներում, այսինքն՝ այս պահին ընթանում է աշխատանքի չերևացող մասը, որովհետև մեր գործընկերների հետ աշխատանքն ունի և՛ երևացող, և՛ չերևացող կողմեր: ԵԱՀԿ ԽՎ անդամ է 57 երկիր, կա շուրջ 350 պատգամավոր, մենք աշխատում ենք գրեթե բոլոր երկրների հետ, ամենօրյա ռեժիմով անհատապես աշխատում ենք պատգամավորների հետ, աշխատում են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Առաջիկայում, կարծում եմ, երբ կմոտենան բուն վեհաժողովի աշխատանքները, մենք համապարփակ կտեղեկացնենք:

Դիվանագիտական գործունեության նրբերանգները նաև նրանում են, որ որոշ բաներ պետք է ավարտին հասցնել, ապա նոր միայն հրապարակայնացնել: Այս պահին մենք որոշ հարցեր փորձում ենք վերջնականացնել, մենք ինքներս առաջարկել ենք մի շարք փոփոխություններ, որոնք ամրապնդում են պրոհայկական դիրքերը, երբ դրանք կավարտենք, կկարողանանք ավելի առարկայական ու մանրամասն խոսել, թե ինչ պատկեր է, ինչ առավելություններ ու մարտահրավերներ ունենք:

Եվ, բնականաբար, մեր ամբողջ ուժով գնալու ենք և ամեն բան անելու ենք, որպեսզի արդյունքում այդ բանաձևում պրոհայկական բաղադրիչը միանշանակ շատ ավելի մեծ լինի:

– Նախքան լիագումար նիստի օրակարգում ընդգրկվելը հարցերը հանձնաժողովների նիստերում են քննարկվում, և այս հարցը քննարկվել է քաղաքական հանձնաժողովում, ինչո՞ւ ա՛յդ ժամանակ ջանքեր չեն գործադրվել, ինչո՞ւ է հարցը հասել լիագումար նիստին։

– Հուլիսի սկզբին լինելու է մեծ ամառային նստաշրջանը, քաղաքական հանձնաժողովի նիստ դեռևս տեղի չի ունեցել: Բոլոր հանձնաժողովների նիստերը նույնպես պետք է լինեն հուլիսին՝ լիագումար նիստից առաջ: Մենք հիմա ամբողջ ծավալով աշխատում ենք այդ նիստերին ընդառաջ, որ այնտեղ ներկայանանք ավելի ուժեղ, պատշաճ, մեր դաշնակիցների հետ արդեն ունենալով պայմանավորվածություններ:

– Այդ բանաձևը, որի մաս են կազմում այս հակահայկական դրույթները, ընդհանուր ինչի՞ մասին է:

– ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն զարգացման, խաղաղության և այլն:

– Եվ ինչո՞ւ է նման նախագծում ներառվել նման նուրբ քաղաքական հարց, որով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

– Մենք հիմա աշխատում ենք նաև այդ ուղղությամբ, որովհետև մեզ համար հստակ է՝ Ղարաբաղյան հարցով զբաղվող միակ միջազգայնորեն մանդատ ունեցող լեգիտիմ ընդունված ձևաչափը Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափն է, և բոլոր հայտարարությունները, որոնք այս կամ այն կազմակերպությունները, միջխորհրդարանական և այլն, ընդունելու լինեն, բոլոր այդ հայտարարությունները պետք է համապատասխանեն Մինսկի խմբի եռանախագահների կողմից արտահայտված և նաև մեր կողմից հավանության արժանացած հայտարարություններին:

Այն, որ Ադրբեջանը կարող է պղտոր ջրում ձուկ որսալ, այն, որ Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում մշտապես փորձել է ինչ-որ հարցեր առաջ տանել իրենց խավիարային դիվանագիտության գործիքակազմով, դա մեզ համար ակնհայտ է, և կարծում եմ՝ բոլորի համար է ակնհայտ, և մենք աշխատում ենք, որպեսզի դա չեզոքացնենք: Այսինքն՝ այս իմաստով կարծես թե նորմալ աշխատանքային գործընթաց է, և մենք ամբողջ ծավալով աշխատում ենք այս պահին: Կարծում եմ՝ շուտով, երբ աշխատանքներն ավելի ավարտին մոտենան, ավելի հստակ կասենք՝ ինչն ինչոց է: Որևէ թաքցնելու բան չկա:

– Այսինքն՝ ադրբեջանական «խավիարային» դիվանագիտությունը «լվացքատան» սկանդալից հետո շարունակվում է:

– Այո, ԵԽԽՎ-ում Պեդրո Ագրամունտի հետ կապված այդ սկանդալը բոլորին է հայտնի: Ադրբեջանցիները փորձում են տարբեր ԽՎ-ներում արտաքուստ նեյտրալ թվացող երկրներից որոշակի մարդկանց միջոցով ինչ-որ հարցեր առաջ տանել: Բնականաբար, մենք այդ ամեն ինչը հասկանալով՝ հենց տեղեկանում ենք, որ կա նման ռիսկ, անմիջապես արձագանքում ենք, ինչպես և տեղի է ունեցել այս անգամ, և բոլոր ճակատներով աշխատանքներ ենք տանում, որ բանաձևը լինի մեզ համար ընդունելի և պրոհայկական:

– Կարծում եք՝ այդ հակահայկական ձևակերպումները կկարողանա՞ք բանաձևից հանել հանձնաժողովի նիստի ժամանակ, թե՞ այնուամենայնիվ այն կանցնի լիագումար նիստ:

– Մենք ամեն բան անում ենք ԽՎ կանոնակարգի շրջանակներում, որ հենց առաջին փուլում՝ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ, դա չեզոքացնենք և անցկացնենք մեր փոփոխությունները: Մենք շատ լավ առաջարկների փաթեթ ենք ուղարկել և շարունակում ենք ուղարկել, քանի դեռ ժամանակ կա:

– Ասացիք, որ տարբեր խողովակներով եք աշխատում, ո՞ր ուժերին եք ներգրավել, Հանրապետականի ակտիվի հետ գործակցո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ նրանք կարծես հաջող աշխատանքի փորձ ունեն միջազգային հարթակներում:

– Եկեք փակագծեր չբացեմ այս պահին: Միանշանակ է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակությունը ներառում է ԱԺ բոլոր խմբակցություններին, և ինչ հնարավորություն կա, որ կարող է օգտակար լինել, օգտագործվում է, որովհետև երբ խոսքը վերաբերում է Հայաստանի պետական շահին, մասնավորապես՝ Հայաստանից դուրս արտաքին քաղաքականության բնագավառում, բնականաբար, այդտեղ չկան ֆրակցիոնիզմներ, չկան բաժանումներ, բոլորս պետք է լծվենք այդ պետական շահը սպասարկելու և առաջ տանելու նպատակին:

Հ.Գ. Հարցազրույցից ժամեր անց տեղեկացանք, որ ԱԺ պատվիրակությունը նամակ է ստացել անձամբ զեկուցող Ալան Ֆարելից այն մասին, որ նա մտադիր է հակահայկական վիճելի դրույթը հանել նախագծից:

Տեսանյութեր

Լրահոս