««Ֆլայ Դուբայը» բեռնափոխադրումների գին չի բարձրացրել». Պաշտոնական ներկայացուցիչ
Օրերս «168 Ժամն» անդրադարձել էր Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնավորապես՝ Դուբայ, արտահանումների և բեռնափոխադրումների հետ կապված դժգոհություններին:
Գործարար Հարություն Մնացականյանը մեզ տեղեկացրել էր, որ այս տարի դեպի Դուբայ օդային ճանապարհով բեռնափոխադրումների գինը, իջեցնելու փոխարեն, բարձրացվել է կիլոգրամի համար 1.9 դոլար։ Ըստ նրա՝ նախկինում մեծաքանակի դեպքում՝ 1.8 դոլար էր, և կիլոգրամի մեջ այս փոփոխությունն էլ էական է գործարարների համար:
Այս հրապարակումից հետո մեր խմբագրություն է դիմել «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության Հայաստանի ներկայացուցիչ Վաչագան Սարկիսյանը:
Ըստ նրա՝ գործարարի նշած գինն ընկերությունում երբևէ չի գործել:
«Բեռնափոխադրումների սակագները սանդղակային են, և ինչքան շատ է բեռը, այնքան ավելի էժան է փոխադրումը: Եթե խոսքը մինչև 50 կգ միանվագ բեռնափոխադրման մասին է, այդ դեպքում գինը տատանվում է 1 կգ-ի համար՝ 1000 դրամի սահմաններում: Բայց դա միայն ավիափոխադրումն է, կան հավելյալ ծախսեր՝ բրոքեր, պահեստ, սառնարան, և այլն: Երբ խոսքը մեծաքանակ բեռնափոխադրումների մասին է, գները 1 կգ-ի համար 600 դրամի կարգի է, այսինքն՝ 1.2 դոլար, որը ո՛չ 1.8 դոլար է, ո՛չ 1.9 դոլար: Եվ այս սանդղակը չի փոխվել վերջին 2-3 տարվա ընթացքում, չնայած վերջին 1.5 տարում նավթը թանկացել է, ինչը հանգեցրել է նաև ավիավառելիքի թանկացման: Բայց բեռնափոխադրումների մասով մենք արեցինք ամեն ինչ, որ այդ գինը չփոխվի, հատկապես՝ ամռանը բանջարեղենի և պտղի արտահանումն է սկսվում»,- ասաց Վ.Սարկիսյանը:
Ըստ նրա՝ ընկերությունը մշտապես համագործակցում է գործարարների հետ, բանակցում, որ մեծ ծավալի արտահանումների դեպքում ավելի լավ պայմաններ առաջարկի արահանողներին. «Դա բերում է ծախսերի նվազմանը, ոչ երբեք՝ ավելացմանը: Կան ապրանքատեսակներ, որոնց համար բեռնափոխադրման գինը մի քիչ բարձր կարող է լինել՝ հաշվի առնելով ջերմային պայմանները, քանի որ պտուղ-բանջարեղենը պահանջում է սառնարանային պահպանում: Մենք ապահովում ենք թե՛ Երևանում, և թե՛ Դուբայում սառնարանային պայմաններ, որը մի քիչ ավելի թանկ է»:
Վ.Սարկիսյանը վստահեցրեց, որ գների իրական բարձրացում չի եղել: Ընդ որում, ըստ նրա՝ Հարություն Մնացականյանն ուղիղ ձևով չի դիմել ավիաընկերությանը. «Գուցե տվյալ գործարարը կապվել է բեռնային միջնորդի հետ, այսպես ասած՝ կարգո միջնորդի հետ, և գուցե դրա հետևանքով է թանկ եղել: Մեր ավիաընկերությունը սահմանափակումներ չի դնում, որ անպայման միջնորդ գործակալների հետ աշխատեն: Բոլորը կարող են աշխատել թե՛ ուղիղ մեզ հետ, թե՛ գործակալի միջոցով: Գուցե նա ընդհանուր առմամբ, կոնկրետ այս դեպքի հետ կապված՝ փորձել է գին ճշտել և պատասխան է ստացել մինչև 50 կգ բեռի համար, բայց պետք է հասկանալ, որ, եթե խոսում ենք լուրջ բիզնեսի մասին, 50-60 կգ-ն լուրջ չի, որովհետև ցանկացած բեռնափոխադրման դեպքում կան միանվագ ծախսեր, որոնք բաժանվում են ընդհանուր բեռի վրա՝ ճանապարհածախս, բրոքեր, օդանավակայանի ծախս և այլն, դրա համար մեծ քանակների դեպքում ինքնարժեքը կտրուկ իջնում է»:
Վ.Սարկիսյանի խոսքով՝ այլ խնդիր կա, որ, ցավոք, հայկական մրգի ու բանջարեղենի ինքնարժեքն այնքան էլ ցածր չէ, որպեսզի կարողանան մրցել Պարսից ծոցի շուկաներում, օրինակ՝ ԱՄԷ-ում ծիրան կա և՛ Իրանից, և՛ Հյուսիսային Աֆրիկայից, և այլն.
«Անգամ Կալիֆոռնիայից ծիրանը հասցնում են ԱՄԷ, և մանրածախ վաճառքում այն ավելի էժան է, քան հայկական ծիրանը: Այնտեղ արտադրական քանակներն այնքան մեծ են, որ ինքնարժեքը ցածր է ստացվում: Հայկական ծիրանի որակը շատ լավն է, Դուբայում այն հայտնի է թե՛ իր տեսքով, թե՛ համով, թե՛ բուժիչ հատկություններով: Նույնիսկ այս սեզոնին Դուբայ մեկնող տուրիստներն իրենց հետ տանում են ծիրան՝ 5-20 կգ-ով, նաև կեռաս ու դեղձ են տանում: Ընդհանրապես մեր սեզոնային մրգերը, որ շատ ավելի քաղցր են, տանում են, բայց դա զուտ անհատական բնույթ է կրում, և մեծ արտահանողների դեպքում պետք է մտածեն, որ մեր արտադրանքի ինքնարժեքն էժանանա, որ մցրունակ դառնան դրսի շուկայում»:
Վ.Սարկիսյանի հավաստմամբ՝ դեպի Դուբայ բեռնափոխադրումների գինը Հայաստանից և Վրաստանի նույնն է.
«Բայց մեկ այլ խնդիր կա. եթե խոսում ենք մեծ քաղաքների մասին, որտեղ թռնում են մեծ ինքնաթիռներ, որոնք ունեն ավելի մեծ բեռնային խցիկներ, օրինակ՝ մեր ինքնաթիռների տարողությունը 2-3 տոննա է, իսկ դրանք՝ 10-15 տոննա, դա էլ նշանակություն ունի: Բայց այս պահին բեռնափոխադրումների գինն այն խնդիրը չէ, որ խանգարում է արտահանողներին»:
Ավիաընկերության ներկայացուցիչը նշեց, որ իրենք Հայաստանում բեռնափոխադրումների ծառայություններ են մատուցում 2011 թվականից և ունեն գործընկերներ, որոնք այդ ժամանակից արտահանում են գյուղմթերք դեպի Դուբայ, նաև Պարսից ծոցի այլ երկրներ՝ Քուվեյթ և այլն, և նրանք կարողացել են գտնել իրենց տեղն այդ շուկաներում, հասկանալ գնագոյացման մեխանիզմները և գտնել այն ոսկե միջինը, որ մրցունակ լինեն. «Ունենք մշտական գործընկերներ, որոնք տարին 12 ամիս արտահանում են սունկ, և քանի որ դա բավականին մեծ տնտեսություններ են, կարողանում են ապահովել անընդհատ արտադրություն և արտահանում, այդ ապրանքատեսակը գնում է, իսկ միրգ ու բանջարեղենի մեծ քանակներ լինում են ամռանը, և այդ սեզոնը նոր է սկսվում»: