Ադրբեջանի «խավիարի» հետքերը Ֆրանսիայում. Հասունանում է նոր «լվացքատան» գործընթաց
Ֆրանսիայում, մեղմ ասած, շատ տհաճ գործընթաց է սկսվել՝ դատարանները չեղարկում են Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրերը: Արդեն չեղարկվել է 4 նման հռչակագիր՝ Առնուվիլ-Շեխեր, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև, նաև չեղարկվել է Դրոմի դեպարտամենտի ու Արցախի միջև կնքված հուշագիրը:
Արցախի ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրում, որ սրանք միայն առաջին ատյանի դատարանի որոշումներ են, և որոշ քաղաքապետներ արդեն մտադրություն են հայտնել բողոքարկել այդ վճիռները։ 8 այլ քաղաքների հետ կնքված Բարեկամության հռչակագրերը դեռևս ուժի մեջ են։
Արցախի ԱԳՆ-ի համոզմամբ՝ Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ, մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները:
Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն ասել է, որ այս դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ, և որն արտահայտվում է Հռչակագրերի տեքստերով:
«Ի հեճուկս ճնշումների, որոնք, բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից, ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին և ինքնորոշման ուղեգծին»,- ասել է Դարագոն՝ պնդելով, որ ՏԻՄ-երն իրավազոր են կնքել նման հռչակագրեր, իսկ դատական հետապնդումները բազմապատկվում են՝ ռազմատենչ Ադրբեջանին հստակ քաջալերանքի ազդանշան հասցեագրելով:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այս գործընթացի մեկնարկի պատճառ է դարձել Ադրբեջանի արտգործնախարարության հերթական բողոքը Ֆրանսիայի պատկան մարմիններին, որ, եթե Ֆրանսիան չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչպե՞ս են տեղական ինքնակառավարման մարմինները նման հուշագրեր կնքում:
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «168 Ժամի» հետ զրույցում ևս տեսակետ հայտնեց, որ այս ամենի ետևում «Ալիևի ականջներն են»:
Նա նշեց, որ կապ է հաստատել Ֆրանսիայի խորհրդարանի իր գործընկերների հետ, և, ըստ էության, իր մտավախությունները հատատվել են. «Այստեղ մեծ ազդեցություն է ունեցել ադրբեջանական լոբբին, բայց իրավական առումով իրենք հղում են անում ֆրանսիական օրենսդրությանը, ըստ որի՝ նման համագործակցության հուշագրեր ստորագրելով՝ ՏԻՄ-երը գերազանցել են իրենց լիազորությունները: Ֆրանսիայի օրենսդրությամբ այդպես է, բայց ինչո՞ւ հենց հիմա այդ դատարանները որոշեցին անդրադառնալ Ֆրանսիայի օրենսդրությանը:
Չէ՞ որ ֆրանսիական օրենսդրությունը նույնն է, ինչ այն ժամանակ, երբ կնքվում էին այդ բարեկամական հուշագրերը: Ցավոք, մենք գործ ունենք իրողության հետ, որ շատ ակտիվ աշխատել է ադրբեջանական լոբբին, և ո՛չ մեր արտաքին գերատեսչությունը, ո՛չ սփյուռքյան կառույցները կա՛մ տեղյակ չեն եղել, կա՛մ չեն կարողացել հակազդել: Ինձ համար հասկանալի չեն այն մեղադրանքները, որ ուղղվում են սփյուռքի մեր լոբբիստների հասցեին, որ իրենք են վատ աշխատել:
Կարծում եմ՝ առաջին հերթին մենք պետք է փորձենք պարզաբանում ստանալ մեր ԱԳՆ-ից, թե ինչո՞ւ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները կա՛մ իրազեկ չեն եղել, կա՛մ չեն կարողացել կանխել սա»:
ՀՀ ԱԳՆ-ից նշեցին, որ հարցի հասցեատերն Արցախի ԱԳՆ-ն է, քանի որ այն վերաբերում է Արցախի ինքնավար կառավարման մարմիններին:
Հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով, սակայն, չնայած Արցախն անկախ պետություն է, բայց ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է և այսպիսի հարցերում ավելի շատ գործիքներ ունի. «Հայաստանն ունի նման պարտականություն, և անվտանգության երաշխավոր լինելը միայն պատերազմում անվտանգության հարցերը չեն, սա նույնպես անվտանգության կարևոր բաղադրիչ է, և մենք նույնպես ունենք պարտականություն Արցախի նման հարցերն օրակարգ բերելու և լուծումներ գտնելու»:
Նա կարևորեց, թե մենք ընդհանրապես ինչպես ենք վերաբերվում այս տեսակ հարցերին, ինչպես ենք պլանավորում մեր աշխատանքն այսպիսի փոքր հարցերում.
«Խորապես համոզված եմ, որ, եթե նախապես իմանայինք, շատ ավելի պատրաստված կկարողանայինք դիմակայել, որովհետև բազմաթիվ հնարավորություններ կային այս դատական որոշումներից խուսափելու համար: Թողնվել է ամբողջությամբ համայնքի ուժերին, նա էլ արել է այնքան, որքան կարողացել է, նույնիսկ փաստաբան է ներգրավված եղել Ֆրանսիայի հայկական համայնքները համակարգող խորհրդի կողմից, որը չի կարողացել դիմադրել ճնշումներին, և Ադրբեջանը՝ լոբբիստական ջանքերի շնորհիվ, կարողացել է գլուխ բերել այս գործընթացը: Ես վստահ եմ, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները նույնպես կչեղարկեն իրենց որոշումներն Արցախի հետ հարաբերությունների մասով:
Բայց սա ավելի վատ նախադեպ կարող է դառնալ եվրոպական մյուս երկրներում և քաղաքներում՝ Բելգիա, Իտալիա և այլն, որտեղ ևս կան քույր քաղաքներ և համագործակցություն Արցախի հետ»:
Հայ-ֆրանսիական բարեկամական խմբի ղեկավար, իշխանական «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անմիջական կապի մեջ է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հետ՝ հասկանալու իրավիճակը, և հասկանալու, թե ինչպես է կարելի արձագանքել դրան:
«Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի դատարանների կողմից կայացված որոշումներին: Ես չէի ուզենա ո՛չ թերագնահատել, ո՛չ, առավել ևս գերագնահատել այս որոշումների ազդեցությունը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ Հայաստանի դերակատարության վրա: Այո, կա խնդիր, անհրաժեշտ է հասկանալ, թե այն ինչ պատճառով է ծագել և ինչ ընթացք է ունենալու»,- ասաց Վ.Վարդանյանը:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի և ֆրանսիական կառավարական որոշ շրջանակների միջև խավիարային գործարքի կնքում.
«Ոչ ավելի: Եվ այն, ինչ կատարվում է, ավելի մեծ հարված է Ֆրանսիային, քան մեզ, որովհետև կոռումպացված սխեմաների միջոցով հարված է հասցվում ժողովրդավարությանը, քաղաքակրթական արժեքներին: Մենք իրոք երախտապարտ ենք Ֆրանսիայի մեր բարեկամներին, որոնք շարունակում են մեզ հետ լինել և պայքարում են իրենց դատարանների դեմ: Սա մարդասիրության լավագույն դրսևորումներից մեկն է: Եվ այն, ինչ արվում է, որևէ ձևով քաղաքական խնդիր չէ, այլ մարդասիրական հարթությունում աշխատանք է, և այդ մարդիկ շատ լավ գիտեն մարդասիրության արժեքը»:
«Ցանկացած նման զարգացում՝ ինչպես մարտահրավեր է, այնպես էլ՝ նոր հնարավորություն է: Իսկ այն, որ մենք պետք է որոշ փոփոխություններ մտցնենք մեր ռազմավարության մեջ, սա միանշանակ է, այսինքն՝ պետք է է՛լ ավելի սերտ համագործակցություն ծավալենք, այդ թվում՝ սփյուռքի հետ, որպեսզի կանխենք նման բարդությունները կամ հաղթահարենք դրանք»,- ասաց Դ.Բաբայանը:
Հարցին՝ հնարավո՞ր է գործընթացը կասեցնել, որ Ֆրանսիայի մյուս 8 քաղաքների նմանատիպ հուշագրերը չչեղարկվեն, Դ.Բաբայանը պատասխանեց. «Խնդիրն այն չէ՝ կչեղարկվի, թե ոչ, այլ այն, որ սկսվել է նման գործընթաց: Սա հնարավորություն է նոր մոտեցումեր կիրառելու, շտկումներ մտցնելու համար: Պետք է լավ աշխատել որոշ այլ ուղղություններով»: