Կառավարությունը միայն նրա համար չէ, որ երևակայական հեղափոխություններ անի
«Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է։ Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ պետք է բացառել, որովհետև սա է բարեկեցության հասնելու, աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը»,- անդրադառնալով տնտեսական հեղափոխության իր տեսլականին` օրերս գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Անշուշտ, դժվար է չհամաձայնել վարչապետի ասածի հետ։ Միանշանակ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ տնտեսություն, որը հիմնված է արտահանման վրա։ Առանց դրա անհնարին է պատկերացնել Հայաստանի տնտեսության զարգացումը։ Ներքին շուկան չափազանց փոքր է` զարգացած արտադրություն և հնարավորինս ավելի մեծ եկամուտներ գեներացնելու համար։
Սրանք պարզ ճշմարտություններ են և, որպես այդպիսին, վարչապետը նորություն չի ասում։ Այլ հարց, թե կառավարությունն այս ընթացքում ինչ է արել դրան հասնելու համար։
Իշխանափոխությունից հետո պտտվում է երկրորդ տարին, իսկ տնտեսական գործընթացները Հայաստանում բոլորովին էլ այնպիսին չեն, որ հնարավոր լինի խոսել հեռուն գնացող զարգացումների մասին։ Որքան էլ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ են արձանագրվում պաշտոնական վիճակագրության կողմից, այնուհանդերձ տնտեսության կառուցվածքը շարունակում է նույնքան մտահոգիչ լինել, ինչքան նախկինում։ Ավելին, վիճակը անգամ վատացել է։
Տնտեսության իրական հատվածը, որը պիտի նվազագույնի հասցնի կամ բացառի վարչապետի ասած՝ չմշակված հումքի արտահանումը, զարգացման տեմպերով չի փայլում։ Իշխանափոխությունից հետո էլ գործընթացներն այստեղ էական փոփոխություն չեն կրել։ Աճի տեմպը մի բան էլ նվազել է։ Ժամանակը թռնում է, իսկ այն ակտիվացնելու ուղղությամբ կառավարության քայլերը, եթե նույնիսկ այդպիսիք կան, տեսանելի չեն։
Ու դեռ հայտնի չէ, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը տնտեսության երկարաժամկետ հեռանկարների մասին խոսելով։ Տնտեսությունը վերափոխելու, ներքին արտադրություն զարգացնելու, հումքից` պատրաստի արտադրանք արտադրելու, արտահանման ուղղվածության տնտեսություն ստեղծելու գործընթացը Հայաստանում շատ է ձգվում։ Հայտնի չէ անգամ, թե կառավարությունն ինչ է մտածում այդ մասին։ Տնտեսության հեռանկարների վերաբերյալ վարչապետի հայտարարություններով տնտեսությունը չի զարգանա, հատկապես, երբ դրանք կտրված են իրականությունից։ Նման իրավիճակների անցած մեկ տարում արդեն բազմիցս հասցրել ենք բախվել։
Տնտեսությանը հարկավոր են գործնական քայլեր և կոնկրետ ծրագրեր, որոնք շատ քիչ են։ Դժվար է անգամ հիշել, թե այս ընթացքում ներքին արտադրությունը զարգացնելու ճանապարհին Հայաստանում քանի նոր ձեռնարկություն է բացվել։
Ներմուծող սարքավորումների վրա հիմնված այն հավաքման հատուկենտ փոքր արտադրամասերը չեն, որ պիտի իրավիճակ փոխեն։ Այդ տեմպով շարժվելով՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխելու, էլ չասենք` զարգացումը բեկելու համար։
Հայտարարելով արտահանման ուղղվածության տնտեսություն ունենալու անհրաժեշտության մասին` մինչև հիմա կառավարությունը չունի հայեցակարգ` դրան հասնելու ուղիների վերաբերյալ։ Պարզ չէ՞, որ արվող կամ չարվող քայլերն էլ այսպիսին պիտի լինեն։
Արտահանման ուղղվածության տնտեսություն ունենալու համար հարկավոր է նախ և առաջ մտածել տեղական արտադրություն կազմակերպելու մասին։ Այսօր Հայաստանը շատ քիչ բան ունի առաջարկելու արտաքին շուկաներում։ Դրանցից մեկն էլ հանքահումքային արտադրատեսակներն են։ Վարչապետը խոսում է հումքի փոխարեն պատրաստի արտադրանք արտահանելու մասին։ Իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում։
Միայն թե պետք չի ասել, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել բարձր հարգի ոսկու ստացման գործարան կամ պղնձաձուլարան։ Այդ ծրագրերի հիմքը դրվել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք։ Չնայած դեռ մեծ հարց է, դրանք իրականություն կդառնա՞ն, թե՞ ոչ։
Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածում ընդգրկված պատրաստի ապրանքների ցանկը շատ սահմանափակ է։ Իշխանափոխությունից հետո այն չի համալրվել նոր արտադրատեսակներով։ Ու դեռ հայտնի չէ` առաջիկայում կհամալրվի՞, թե՞ ոչ։ Տեղական ապրանքների արտադրությունը խթանելուն ուղղված կառավարության քայլերը, անգամ, եթե ընդունենք, որ արվում են, անարդյունավետ են։
Զարմանալի չէ, որ այդքանից հետո արտահանումը Հայաստանից կրճատվել է։ Ահա սա է արտահանման ուղղվածության և հումքի փոխարեն պատրաստի արտադրանք արտահանելու տնտեսական այն քաղաքականության արդյունքը, որը վարում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։
Իշխանափոխությունից մեկ տարի հետո կառավարությունը շարունակում է նույն կերպ խոսել իր պատկերացումների մասին. այս պիտի արվի, այն պիտի արվի, այսպես պիտի արվի, այնպես պիտի արվի։ Զարմանում ես, իսկ ո՞վ պիտի անի։ Չէ՞ որ կառավարությունը միայն նրա համար չէ, որ իր վեհ գաղափարները ներկայացնի հանրությանը և երևակայական հեղափոխություններ անի տնտեսության մեջ։ Անհրաժեշտ է գործով ապացուցել այդ ամենի կենսունակությունը։
Վաղուց ժամանակն է` արդյունքների մասին խոսելու համար։ Արդյունքների, որոնք կլինեն ոչ միայն վիճակագրորեն, այլև գործանականում։ Ի վերջո, մարդիկ պե՞տք է զգան տնտեսական աճի արդունքները, թե՞ հասարակությունը շարունակելու է անմասն մնալ դրանցից։
Ժամանակին կառավարությունը խոսում էր ներառական տնտեսական աճի ապահովման մասին` մեղադրելով նախկիններին։ Այսօր էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Հասարակության մեծ մասը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական բարեկեցության վրա։ Ընդհակառակը` տեսնում է, որ մի բան էլ վատանում են կյանքի պայմանները։
Երկարաժամկետ հեռանկարում, երբ Հայաստանը կդադարեցնի կամ նվազագույնի կհասցնի չմշակված հումքի արտահանումը, ինչը կառավարության ղեկավարը համարում է բարեկեցության հասնելու և աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը, գուցե և իսկապես կբարելավվեն հասարակության կյանքի պայմանները։ Այսօր, սակայն, Հայաստանի հպարտ քաղաքացուն նման հեռանկար չի սպառնում։
Ըստ էության, դեռ երկար ժամանակ չի էլ սպառնա։ Առկա տնտեսական զարգացումներն այդպիսի հեռանկարներ չեն պարունակում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ