
Ասանժի գործով դատը կարող է տարիներ տևել. WikiLeaks-ի գլխավոր խմբագիր

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով դատավարությունը կարող է տարիներ տեւել: Այդ մասին հայտարարել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:
«Մենք առաջին դատավեճին սպասում ենք մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում, դա կլինի կողմերի (մեղադրող կողմի եւ պաշտպանության) հայտարարությունների փոխանակում: Պայքարը կարող է երկար տեւել, նույնիսկ մի քանի տարի… եթե գործն անցնի ամբողջ դատական համակարգը»,-ասել է Հրաֆնսոնը հունիսի 11-ին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հաստատել է, որ Ասանժի գործով հերթական լսումները կանցկացվեն հունիսի 14-ին Լոնդոնի Բրոմլիի շրջանի մագիստրատական դատարանում, որտեղ գտնվում է Բելմարշ բանտը եւ որտեղ պահվում է ամբաստանյալը:
«Դրանք (լսումները) այնտեղ են տեղափոխվել Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանից: Դրանք լինելու են ընթացակարգային լսումներ: Ասանժը, ինչպես սպասվում է, բանտից մասնակցելու է տեսակապով: Մենք սպասում ենք, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունիսի 14-ին փաստաթղթեր կներկայացնի ի պաշտպանություն Միացյալ Նահանգներին Ասանժի արտահանձնման: Դրանից հետո դատարանը կսկսի այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը»,-ասել է Հրաֆնսոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: