
Պատվաստումների ծածկույթը լուրջ նվազման միտում ունի, հատկապես՝ մինչև մեկ տարեկանների շրջանում. Արսեն Թորոսյան

Պատվաստումների ծածկույթը լուրջ նվազման միտում ունի, հատկապես՝ մինչև մեկ տարեկանների շրջանում: Այս մասին այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք լուրջ միջոցառումներ պետք է ձեռնարկենք, նաև կեղծ տեղեկատվության տարածման բացառման միջոցով, որպեսզի այդ ցուցանիշը հանկարծ չիջնի թուլատրելիից ցածր, չնայած արդեն 90%-ից ցածր է մինչև 1 տարեկանների դեպքում»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ պետության խնդիրն է ավել քանակով պատվաստանյութ չգնելը, որպեսզի հետագայում ստիպված չլինեն այն թափել:
Ա.Թորոսյանը նշեց, որ տուբերկուլյոզի դեմ տարվող ծախսերը գնալով աճելու են, որովհետև այդ համակարգերը ֆինանսավորող Գլոբալ հիմնադրամը, Հայաստանը աստիճանաբար համարելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն անցել է 4000 դոլարից, դադարեցնում է ֆինանսավորումը: