Մեկնարկել է անցումային արդարադատության և վեթինգի իրականացմանն առնչվող փորձագիտական քննարկումը

Այսօր, հաշվի առնելով երկրում անցումային արդարադատության, մասնավորապես, վեթինգի իրականացմանն առնչվող ակտիվ հանրային քննարկումները՝ «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը նախաձեռնել է մասնագիտական քննարկում այս թեմայի առնչությամբ։

Որպես բանախոսներ՝ հանդես են գալու՝

Դավիթ Հարությունյանը – «ԼՈՒՅՍ» հիմնադրամի տնօրեն
Երվանդ Բոզոյանը – «Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ
Արա Զոհրաբյանը – ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ
Անդրանիկ Թևանյանը – «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն
Արփինե Հովհաննիսյանը – «Իրավական կրթություն և վերահսկողություն» հ/կ նախագահ
Վահե Հովհաննիսյանը – «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար
Ռուբեն Մելիքյանը – «Իրավական ուղի»  հ/կ համահիմնադիր
Սիրանուշ Սահակյանը – «Իրավական ուղի» հ/կ  համահիմնադիր

Փորձագիտական քննարկումը բացող Դավիթ Հարությունյանն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ, երբ մայիսին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Խորհրդարանում քննարկումներ են լինելու անցումային արդարադատության վերաբերյալ, իրենք շատ պատրաստակամ էին կարծիք հայտնելու ու պատասխաններ պահանջող հարցադրումներ անելու հարցում, սակայն լսումներից մեկ շաբաթ առաջ՝ վարչապետի հայտնի ելույթի ժամանակ արդեն, հնչեց վերջնական կարծիք, որ Հայաստանում 1-2 ամսվա ընթացքում պետք է իրականացվի վեթինգ, ինչը նշանակում էր, որ քննարկումներ ԱԺ-ում այլևս չեն լինի մասնագիտական դաշտում և արդեն կլինեն քաղաքական դաշտում, իսկ դա իրենց հետաքրքրության շրջանակներից դուրս է։

«Այս միջոցառումը, թերևս, կոչված է լրացնելու այդ բացը, ներկայացնելու մասնագիտական կարծիքներ, հարցադրումներ, որոնք հանդիպման արդյունքներով կամփոփենք և կներկայացնենք քաղաքականությունը մշակողներին, որովհետև սրանք հարցեր են, որ անպայման պիտի պատասխան ստանան նախքան անցումային արդարադատության և վեթինգի ինստիտուտների կիրառումը։ Մենք զերծ կլինենք քաղաքական գնահատականներ տալուց, այլ կմնանք միայն մասնագիտական դաշտում, ինչով և կկարևորվի այս կլոր սեղանը»,- նշեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Իր ելույթի մեջ «Իրավական ուղի» հ/կ  համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն առանձնացրեց այն խախտումներն ու դրանց մասշտաբայնությունը, որոնց արձագանքելու համար ստեղծվել է անցումային արդարադատությունը։

«Հարց է առաջանում, թե որ խախտումներն են, որ միջազգային պրակտիկայում արձագանք են ստացել անցումային արդարադատության ճանապարհով։ Անցումային արդարադատության մասին խոսող միջազգային ստանդարտները նշում են, որ դա արձագանք է սիստեմատիկ, համակարգային, պարբերական, զանգվածային մարդու իրավունքների խախտումներին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ մեր երկրում եղած խնդիրները հնարավոր է կարգավորել ներպետական և միջազգային օրենքներով ու իրավական ակտերով։

Բանախոսը շեշտեց, որ բոլորը գիտեն, որ անցումային արդարադատությունն արձագանքում է հետկոնֆլիկտային իրավիճակներին, երբ հասարակության մեջ եղել են քաղաքացիական պատերազմներ, ապստամբող խմբերի և կառավարության միջև երկարատև պայքար, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ տասնյակ-հազարավորներից մինչև միլիոններ թվաքանակով։

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս