Բաժիններ՝

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ից ահազանգում են կատարվող անօրինականությունների մասին

«Հայավտոկայարան» ՓԲԸ–ն (Կազմակերպություն) հանդիսանում է հարյուր տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն, որը ՀՀ-ում ունի բնական պետական մենաշնորհ՝ ավտոկայարանային ծառայությունների մատուցման ոլորտում:

Կազմակերպությունն անարդյունավետ կառավարման հետևանքով հայտնվել էր 2017-2020 թթ. պետական գույքի մասնավորեցման ցանկում, իսկ 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն աշխատում էր շահույթով: Սակայն հետագա զարգացումները կազմակերպությանն այսօր բերեցին ֆինանսական նոր կրիտիկական վիճակի, մասնավորապես, երբ 2018 թվականի դեկտեմբերին «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Աշոտ Մնացականյանը:

  1. Աշոտ Մնացականյանը հանդիսանում է նաև Երևան քաղաքի ավագանու անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  2. Ա. Մնացականյանը պաշտոնի գալուց հետո բարձրացրեց աշխատակիցների աշխատավարձերը մինչև 30%-ով, սակայն առավել խորը հայացքից պարզ է դառնում, որ դա արվեց զուտ սեփական աշխատավարձի բարձրացմանն ինչ-որ չափով հիմնավորում տալու համար:
  3. Լինելով մասնագիտությամբ տնտեսագետ, փաստորեն անհիմն և սխալ հաշվարկների պատճառով կազմվեց վերը նշված հաստիքացուցակը, աշխատավարձերը բարձրացան, իսկ այժմ կազմակերպությունը գտնվում է այնպիսի բարդ ֆինանսական վիճակում, որ Ա. Մնացականյանն ակտիվ կերպով փորձում է առաջ տանել հաստիքների կրճատման և զանգվածային ազատման գործընթաց:
  4. Ա. Մնացականյանը, առանց նման լիազորություն ունենալու և առանց համապատասխան լիազոր մարմնի, գրավոր թույլտվության, ակնհայտ խախտելով իր և Գործատուի միջև կնքված պայմանագրի դրույթները, աշխատանքային օրենսդրության պահանջները, ինքն իրեն մի քանի անգամ պարգևատրել է:
  5. Ա. Մնացականյանը կազմակերպության համար այս բարդ ֆինանսական դրության պայմաններում պարբերաբար ստացել է մեծ չափերի դրամական ավանս, նույնիսկ աշխատավարձի չափը գերազանցող, որի առավել ճշգրիտ բնութագրումն ավելի շուտ անտոկոս փոխառություն է:
  6. Առանց դրա անհրաժեշտության և համապատասխան հիմնավորման կնքվել են «ծառայությունների մատուցման պայմանագրեր» իր ընկերների և այլ անձանց հետ: Հաստատված նախահաշվից և հաստիքացուցակից դուրս պայմանագիր է կնքվել Ա. Մնացականյանի մերձավորի հետ (Արծրուն Գևորգյան, միասին աշխատել են «ՖԻՆՔԱ ՈՒՎԿ»-ում),  նրան ձևակերպել՝ որպես խորհրդական (հետագայում նպատակ ունենալով նրան դարձնել հաստիքային աշխատող՝ ավելի բարձր աշխատավարձով)՝ միաժամանակ իր ենթակայությունում ունենալով երկու փոխտնօրենների, որոնցից Արթուր Առուշանյանը նույնպես իր մերձավորն է, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, սնանկության կառավարիչ: Կազմակերպության փոխտնօրենի պաշտոնը համատեղում է այլ աշխատանքի հետ, կազմակերպությունում ձևակերպված է կես դրույքով, սակայն աշխատանքի ներկայանալուց (երբեմն ընդհանրապես չի ներկայանում) փաստացի աշխատաժամանակը չի գերազանցում 2-2,5 ժամը:
  7. Ծառայությունների մատուցման պայմանագրերով ընդունված աշխատակիցների կողմից կատարված աշխատանքները չեն ստուգվել(ում) և/կամ վերահսկվել(ում) ընկերության կողմից, սակայն վերջիններս վարձատրվել(վում) են, ինչն աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտում է: Նշված պայմանագրերով տեղի են ունենում գործողություններ, որոնց, կարծում եմ՝ համապատասխան իրավական բնութագիր տալու անհրաժեշտություն կա: Մասնավորապես, ծառայության մատուցման պայմանագրերով աշխատանքի են ընդունվել 2 (երկու) երթակարգավարներ՝ «Երկաթգծի» կայարանի երթակարգավարական կետում, ովքեր փաստացի չեն աշխատել, նրանց փոխարեն աշխատանքները կատարել են հաստիքային երթակարգավարները: Այս ամենն արվել է այն դեպքում, երբ նույն Երևան քաղաքի «Ռելեի» երթակարգավարական կետի 2 (երկու) հաստիքային աշխատող երթակարգավարներն իրենց հաշվին ուղարկվել են արձակուրդ:
  8. Առանց դրա անհրաժեշտության և պատշաճ հիմնավորման, հաստիքացուցակում նախատեսվել և կամայական հաստիքներում աշխատանքի են ընդունվել տնօրենի մի շարք մոտ ընկերներ՝ բաժնի պետեր, տեղակալներ՝ առանց գոնե ոչ մասնագիտական բարձրագույն կրթության, համապատասխան մասնագիտական ստաժի, որակավորման (ագրոնոմ-տաքսիստ, ոստիկանության նախկին աշխատակից և այլն), որոնք որևէ կապ չունեն տրանսպորտի ոլորտի հետ՝ բարձր աշխատավարձերով:
  9. «Հայավտոկայարան» ՓԲԸ–ի անձնակազմի կառավարման բաժնի պետը (Նվարդ Նազարեթյան), Ա. Մնացականյանի բարձր հովանավորության պայմաններում, 07.03.2019թ.-ից մինչև 14.03.2019թ., լինելով դե յուրե աշխատանքի մեջ, դե ֆակտո բացակայել է հանրապետությունից, գտնվել է ՌԴ-ում, սակայն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում լրացվել է ներկա և վարձատրվել դրա համար: Նման կոպիտ, անթույլատրելի խախտումը թույլ տալուց հետո, միայն ս/թ մայիս ամսին Ն. Նազարեթյանը ենթարկվել է ընդամենը «նկատողություն» կարգապահական պատասխանատվության, և կատարվել է վերահաշվարկ՝ շարունակելով մնալ տնօրենի բարձր հովանու ներքո աշխատանքում:   (Ն. Նազարեթյանը նախկինում աշխատել է տարբեր հյուրանոցային համալիրներում:)
  10. 03.2019թ.-ից 09.04.2019թ.-ը ներառյալ՝ նույն անձին տրամադրվել է հերթական արձակուրդ: Առանց հիմնավոր պատճառների և պատշաճ հիմնավորման (անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք Ձեզ վերադառնալ աշխատանքի) 02.04.2019թ.-ին հետ է կանչվել աշխատանքի և դրա համար վարձատրվել մարտ ամսվա համար աշխատավարձով, դրան գումարած 10(տասը) օրվա արձակուրդային վճար, և մյուս պարտադիր վճարները: Այն դեպքում, երբ նույն բաժնում, բացի բաժնի պետից, աշխատում են ևս 2 (երկու) աշխատակիցներ, իսկ հետ կանչվելուց հետո աշխատակցի վրա լրացուցիչ շտապ պարտականություններ չեն դրվել:
  11. Ն. Նազարեթյանը պարբերաբար ստացել է աշխատավարձի կանխավճարներ և պարգևատրում:
  12. Նույն բաժնի աշխատակից Անահիտ Հայրապետյանը, գտնվելով Նվարդ Նազարեթյանի հովանավորության տակ և լինելով ուսանող, նույնպես, «բնականաբար», պարբերաբար օրերով բացակայել է աշխատանքից, սակայն աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում դրվել է ներկա և վարձատրվել (Մոտավորապես 11.04, 15.04-19.04, 23.04-26.04 բացակա: Իրականում բացակայություններն ավելին են:):

Եվ ընդհանրապես, նշված բաժնի աշխատակիցների հաճախումները նույնպես որևէ կերպ չեն վերահսկվում (կարելի է ասել՝ արտոնյալ պայմաններով ազատ հաճախումներ):

  1. Հսկիչի պաշտոնում աշխատում է Նվարդ Նազարեթյանի բարձր հովանու տակ գտնվող Արուսյակ Մուրադյանը: Անհասկանալի է, թե հսկիչի ինչ գործառույթներ կարող է իրականացնել կին-հսկիչն ամբողջ օրը աշխատասենյակում գտնվելով:
  2. Անհասկանալի է նաև պահեստապետի առանձին հաստիքում աշխատող ունենալը` ոչ ցածր աշխատավարձով:
  3. «Հայավտոկայարան» ՓԲԸ–ի սեփականություն հանդիսացող մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացվում է ոչ թե մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի, այլ Ա. Մնացականյանի մերձավորի մոտ:
  4. Կազմակերպության սեփականություն հանդիսացող մեքենան շահագործվում է սեղմված բնական գազով, սակայն կազմակերպությունը գնում է բենզին և մեքենայի համար բենզին է դուրս գրում:
  5. Ա. Մնացականյանը ավտոկայարանի պետեր է նշանակել իր մերձավորների շրջանակից, որոնք բացարձակապես կապ չունեն տրանսպորտի ոլորտի հետ:
  6. Կենտրոնական ավտոկայարանում նշանակվել է իր մերձավորը, ով բառացի զավթել է ավտոկայարանը և այժմ բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների համար խնդիրներ է առաջացնում՝ նշված տարածքում արգելելով այլ անձանց սուրճի ապարատ տեղադրել, և այլն:
  7. Կենտրոնական ավտոկայարանը փորձ արվեց առանց մրցույթի հանձնել Ա. Մնացականյանի մերձավորներից մեկին, սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեի աչալրջության շնորհիվ դա կանխվեց: Այժմ այդ նույն գաղափարը փորձ է արվում հրամցնել՝ իբրև սովորական վարձակալություն:
  8. Օրվա մեծ մասն Ա. Մնացականյանը և նրա գրեթե բոլոր մերձավորները գտվում են անհասկանալի ֆիզիկական վիճակում: Տնօրենը մոռանում է կարևոր դրվագներ, շփվում է հիմնականում իր կողմից նշանակված/ընդունված աշխատակիցների հետ, իսկ այլ աշխատակիցների հետ շփումն ապահովում է ծառայությունների մատուցման պայմանագրով խորհրդական Արծրուն Գևորգյանի կամ կես դրույքով օրական լավագույնը 2,5 ժամ աշխատող տեղակալ Արթուր Առուշանյանի միջոցով:
  9. «Հայավտոկայարան» ՓԲԸ–ում տնօրենի, խորհրդականի և անձնակազմի կառավարման բաժնի պետի ակտիվ մասնակցությամբ կազմվում էր կազմակերպության հաստիքացուցակը, որին անհասկանալի պատճառներով չէին մասնակցում/ներգրավվում հաշվապահը և այլ աշխատակիցներ: Միայն լիազոր մարմնի զգուշացումից հետո «ներգրավվեցին» որոշ աշխատակիցներ: Ընդ որում, հաստիքացուցակում չեն նախատեսվել տոմսավաճառներ:
  10. Փաստորեն գործող տնօրենի ոչ արդյունավետ կառավարման արդյունքում Ընկերությունը սկսել է արդեն լուրջ խնդիրներ ունենալ՝ նաև աշխատավարձի վճարման հետ կապված: Մասնավորապես. ապրիլ ամսվա աշխատավարձն աշխատակիցներին վճարվել է մաս-մաս և ուշացումով (մի մասը՝ 15.05.2019թ., մյուս մասը՝ 21.05.2019թ.): Արդեն իսկ կա մտավախություն, որ տնօրենի բառերով ասած՝ տենդենցը կշարունակվի…

Այս ամենը՝ այն դեպքում, երբ Ընկերությունը երկար տարիներ վնասով աշխատելուց հետո 2018թ. աշխատել է շահույթով:

Տնօրենի և նրա հովանավորյալների կողմից կատարվող ապօրինությունները շարունակական բնույթ են կրում…

«Հայկական Ժամանակ» օրաթերթին հարցազրույց տալուց Աշոտ Մնացականյանը հավաստիացնում էր, որ մյուս տարի նույնպես 30%-ով կբարձրացնի աշխատակիցների աշխատավարձը, և մեջբերում եմ՝ «տենդենցը կշարունակվի»: Իրականում պատկերն այլ է. 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերության տնօրենի պաշտոնն անհայտ պայմաններում վստահվել է կառավարման փորձ չունեցող անձի, որի հանցավոր անգործության  հետևանքով ս/թ հունվար ամսից սկսած շարունակվում է ընկերությունը դեպի սնանկություն տանելու տենդենցը:

Ուստի հայցում ենք Ձեր ուշադրությունը և հրատապ միջամտությունը՝ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերության ազատագրումը գործող տնօրենից և իր թիմակիցներից, որոնց կողմից վարվող քաղաքականության արդյունքում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն արագ տեմպերով գնում է դեպի  սնանկացում:

«Հայավտոկայարան» ՓԲԸ աշխատակիցներ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս