«Իմ կյանքում առաջին գիրքը կարդացի 25 տարեկանում: Դրանից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց»
Սամվել Աղաջանյանը, ով տասը տարվա ընթացքում իրեն փորձել է ավելի քան քսան մասնագիտությունում, լույս է ընծայել «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքը, որն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աղաջանյանն ասաց, որ գրքում զետեղված պատմվածքներն անդրադառնում են իր կյանքին ու գործունեությանը: «Խոսել եմ 33 թեմայի շուրջ, որոնք անմիջական կապ ունեն ինձ հետ: Ընթերցողների հետ եղել եմ անկեղծ՝ գրելով այն, ինչ իրապես պատահել է ինձ հետ, պատմել եմ անգամ այն մասին, որ երբեմն գումար չեմ ունեցել ու ավտոբուսից իջել եմ՝ վարորդին ասելով, որ իմ փոխարեն արդեն վճարել են: Հիմա հիշում եմ այն դժվարությունները, որոնց բախվել եմ, և ուրախանում եմ, որ չեմ հանձնվել, կարողացել եմ առաջ գնալ»,-խոստովանեց Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ գրքում առաջարկել է նոր ու տարբեր ռազմավարություններ, որոնք կօգնեն ավելի արագ լուծել խնդիրները, հաջող բիզնես ստեղծել, չհուսահատվել անհաջողություններից: Աղաջանյանը հանրահայտ ու հաջողակ մարդկանց օրինակով ցույց է տվել, թե ինչպես է հնարավոր հասնել ձգտումներին ու նպատակներին՝ չկրկնելով այլոց սխալներն ու բացթողումները, քանի որ հաջողակ մարդիկ կատարյալ չեն:
«Նպատակս այն է, որ ընթերցողը գիրքը կարդալուց հետո ցանկանա վերընթերցել ու փորձի կատարելագործել այն, ինչն այդ ընթացքում յուրացրել է»,-նշեց հեղինակը:
Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից, որոնք օգնում են անվերադարձ փոխել կյանքի որակը և որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:
Աղաջանյանն այդ ընթացքում հասցրել է շփվել աշխարհի բազմաթիվ երկրների և տարբեր մասնագիտության ավելի քան հիսուն միլիոնատիրոջ հետ ու սովորել նրանցից:
«Սկսենք նրանից, որ իմ կյանքում առաջին գիրքը կարդացի 25 տարեկանում: Դրանից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց»,- գրքի նախաբանում անկեղծանում է հեղինակն ու իր գլխով անցած բոլոր փորձությունները հակիրճ ներկայացնելուց հետո շարունակում:
«Կես ժամ անց ներսումս ինչ որ բան պայթեց, ես որոշում կայացրի և երդվեցի, որ չեմ մնալու այս վիճակում, թույլ չեմ տալու ինձ շրջապատող մարդկանց սպանել նպատակներս: Երդվեցի, որ «հանձնվել» բառն այսուհետ գոյություն չի ունենալու իմ մտքի բառարանում: Փոխելու եմ ամեն ինչ ու կվճարեմ դրա դիմաց, ինչ էլ որ պահանջվի»,-գրում է Սամվել Աղաջանյանը:
«Կհանդիպենք բարձունքում» գիրքը Սամվել Աղաջանյանի առաջին ստեղծագործությունն է, բայց հասցրել է սեր ու ճանաչում վայելել երիտասարդների շրջանում: