Ալեն Դելոնն 83 տարեկանում նոր երգ է ձայնագրել
Ֆրանսիացի նշանավոր դերասան, մի քանի սերունդների սեքս-խորհրդանիշ Ալեն Դելոնը 83 տարեկանում նոր երգ է ձայնագրել: Այդ մասին հայտնել է Closer հանդեսը:
«Դա ապացույցն է այն բանի, որ դերասանը 83 տարեկանում դեռեւս լի է եռանդով»,-նշում է հրատարակությունը: Կոմպոզիցիան կոչվում է Je n՚aime que toi («Ես միայն քեզ եմ սիրում»), դրա խոսքերը գրել է ֆրանսուհի Ջուլյա Պարին, իսկ երաժշտությունը՝ կանադացի հեղինակ Ռիկ Ալիսոնը: Երգի ձայնագրման աշխատանքը կատարվել է Փարիզի Studio Saint Germain ստուդիայում:
Երգի հոլովակում պատկերված է Դենոնն ինքը՝ ստուդիայում՝ կոմպոզիցիայի ձայնագրման գործընթացում: Ցածր, սրտահույզ ձայնով նա արտաբերում է երգի բառերը, որն այնքան էլ նման չէ երգի. ավելի շուտ այն հուզիչ նամակ է սիրո մասին:
Կողքին ռոյալ է նվագում Ալիսոնը, իսկ Պարին հետեւում է այդ ամենին՝ նույնպես ստուդիական ականջակալներ դրած: Տեսահոլովակն ավարտվում է կնոջ պատկերող կադրով, որը կանգնած է պատուհանի մոտ, որտեղից տեսարան է բացվում դեպի Էյֆելյան աշտարակ:
Թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան, ռեժիսոր ու սցենարիստ Ալեն Դելոնն առավել մեծ ճանաչում է ստացել շնորհիվ իր խաղացած դերերի այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ռոկոն եւ նրա եղբայրները» (1960 թ.), «Վառ արեւի տակ» (1960 թ.), «Սամուրայ» (1967 թ.), «Երկուսը քաղաքում» (1973 թ.) ժապավենները: Ալեն Դելոնը «Մեր պատմությունը» ֆիլմի համար «Սեզար» մրցանակի եւ Բեռլինի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակի դափնեկիր է:
Մայիսի վերջին 2019 թվականի Կաննի փառատոնի ընթացքում Դելոնը պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է դարձել կինոմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: