Ավստրիայում չեղարկվել է թուրքերենով վարորդական իրավունքի քննությունների հանձնումը
Ավստրիան 2019 թվականի հունիսից հրաժարվել է վարորդական վկայականի ստացման քննություններ ընդունել թուրքերենով: Այդ մասին հայտնել է ORF հեռուստառադիոընկերությունը: Թուրքերենը մինչ այժմ Ավստրիայում օգտագործման հաճախականությամբ գերմաներենից հետո երկրորդ լեզուն էր վարորդական իրավունքի քննություններ հանձնելիս:
Այժմ քննություն հանձնել կարելի է սոսկ չորս լեզվով՝ գերմաներենով, անգլերենով, սլովեներենով եւ խորվաթերենով: Ավստրիայի իշխանությունները թուրքերենից հրաժարվելու պլանների մասին հայտարարել էին 2018 թվականին: Սլովեներենը եւ խորվաթերենը 1955 թվականից գերմաներենին հավասար պաշտոնական լեզուների կարգավիճակ ունեն Ավստրիայի պետական ինքնիշխանության պայմանագրով՝ այդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից գործածության համար, ուստիեւ պաշտոնական գործածության լիակատար իրավունք ունեն:
Անգլերենն օգտագործվում է որպես միջազգային լեզու: Իսկ քննությունները թուրքերենով հանձնելու իրավունքը եղել է բացառություն, իսկ այժմ դիտվում է որպես մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների սահմանափակում: Ուստիեւ որոշում է ընդունվել հրաժարվել դրանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: