Արսեն Թորոսյանի իրավական մերկությունը
Նախորդ տարի` իշխանափոխությունից հետո, առողջապահության այն ժամանակվա նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն իր ստուգումները սկսեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և հուլիսի 27-ին հայտարարեց, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին, ապա քրեաիրավական բնույթի մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն՝ Արա Մինասյանի, այլև՝ բժշկական կոլեկտիվի հասցեին:
«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ բանդայի մի մասը ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի աթոռից: 99 տոկոս վստահ եմ, որ կան քրեական տարրեր, քանի որ գումարները շորթվել են պետությունից»,- ասել էր նա:
Իսկ ահա նույն 2018թ. օգոստոսի 24-ին ԲԿ տնօրեն Արա Մինասյանը դատական հայց էր ներկայացրել առողջապահության նախարարի դեմ` պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի:
Այս գործը մակագրվել էր դատավոր Սարգիս Երիցյանին:
Այսօր հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից հետևյալ կերպ` «Վճռի` օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի «ուղիղ եթերի» միջոցով (տեսանյութը վերնագրել «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»), բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ, թե Արա Մինասյանի հասցեին 27.07.2018 թվականին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:
Դատարանի վճռով նախատեսվում է նաև Արսեն Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Լուրը հայտնի դառնալուց քիչ անց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումը կատարեց.
«Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից… Իսկ մնացածի մասին փաստաբանս կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ երկուշաբթի 13:00-ին, Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում»:
Բնական է, որ Արսեն Թորոսյանը պետք է դժգոհ լիներ դատարանի վճռից, առավել բնական է, որ վերջինս չի փայլում իր իրավական գիտելիքներով, սակայն առողջապահության նախարարն ունի փաստաբան, ով արդեն հայտնել էր, որ ասուլիս է տալու ու պատասխանելու է դատարանի որոշմանը վերաբերող բոլոր հարցերին:
Միգուցե արժեր համբերել կամ սպասել ու թույլ տալ, որ իրավական որոշմանը պատասխան տրվի իրավական դաշտում, իրավունքի մասնագետի կողմից, թե չէ հերթական անգամ տխուր պատկերի ականատեսն ենք դառնում: Եվ, թերևս, այս պարագայում Արսեն Թորոսյանն ինքն է խնդիրներ ունենում օրենքի հետ, այս անգամ՝ բոլորովին այլ տեսանկյունից:
Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածն ասում է`
Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը
1. Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Իսկ նույն օրենսգրքի 343 հոդվածի մաս 3-ը պատիժ է նախատեսում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու միջոցով:
Այնպես որ, Արա Մինասյանի փաստաբանները, կարծում ենք, ընթացք կտան այս գրառմանը ևս:
Ի դեպ, 168.am-ն Արսեն Թորոսյանի գրառումը խնդրեց մեկնաբանել վերջինիս փաստաբան Գևորգ Գյոզալյանին: Վերջինս, սակայն, մեզ պատասխանեց, որ նախարար Թորոսյանին վերաբերող բոլոր հարցերին, այդ թվում՝ նաև նրա կատարած գրառմանը վերաբերող բոլոր հարցերին կպատասխանի երկուշաբթի օրը: