Բաժիններ՝

«Հարգելի՛ Կառավարություն, հիմա հարց եմ տալիս. եթե մենք չունենք հակակարկտային ծառայություն, բույսերի պաշտպանություն, ոռոգման համակարգ, ինչպե՞ս ես ստեղծում այդ ապահովագրությունը». Հրաչ Բերբերյան

«Ամեն տարի մենք ունենում ենք կարկուտի խնդիր, որը չի լուծվում: Այժմյան հակակարկտային սարքերը պետք է թափեն»,- կարծում է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

«Մոտ 15 տարի առաջ, երբ բերեցին այս սարքերը, արգենտինական էին ու տեղադրված էին հարթավայրային գոտում, ոչ թե լեռնային: Առաջին 30 հատը որ ներկրեցին՝ ես ասացի, որ դեմ եմ այդ սարքերին: Ներկրեցին ինքնարժեքից 10 անգամ թանկ, աստղաբաշխական գնով: Դրանք ացետիլենային սարքեր էին ու այդ 30-ը հենց իրենք՝ արգենտինացիները տեղադրեցին: Ացետիլենային էին, քանի որ  հաշվարկել էին՝ «Նաիրիտն» ացետիլեն պետք է արտադրի: «Նաիրիտը» չաշխատեց, ու ացետիլենն Իրանից, Ադրբեջանից պետք է բերեինք:

Մի խելոք որոշեց այստեղ այդ սարքերից արտադրել: Երկու գործարան սկսեցին արտադրել՝ ամեն մեկը մի չինովնիկի «տանիքի տակ» ու գինը 25-30.000 դոլար էին ասում: Բայց իրական արժեքը շատ էժան է: Իմ վերջին տվյալներով՝ այդ համակարգում 500 հոգի աշխատում է: 15 տարի սարքերն օգուտ չեն տալիս, բայց այդքան մարդ է աշխատում: Հարգելի՛ Կառավարություն, հիմա հարց եմ տալիս. եթե մենք չունենք հակակարկտային ծառայություն, բույսերի պաշտպանություն, անասնաբուժություն, ոռոգման համակարգ, ինչպե՞ս ես ստեղծում այդ ապահովագրությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:

Հիշեցնենք՝  մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելութ էր ունեցել՝ ասելով.

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագիր ենք ներդնում, որն իրականացվելու է 6 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք և Վայոց ձոր:

Ապահովագրվելու են ծիրանի և խաղողի այգիները՝ որպես մեկնարկ: Ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն և հրդեհ: Ի՞նչ է ասում կառավարությունը: Կառավարությունը գյուղացուն ասում է՝ հարգելի գյուղացի, եթե դուք ապահովագրությունը գնեք, կառավարությունը ձեր ապահովագրության 50 տոկոսը կսուբսիդավորի: Այսինքն՝ ինչ ապահովագրություն դուք գնեք, 50 տոկոսի փողը կառավարությունն է տալիս»:

«Ես կողմ եմ ապահովագրական գործակալությունների աշխատանքին: Ապահովագրական գործակալությունները, այսպես թե այնպես, մեր ապագան են, բայց մի մարզում կարող են փորձել, հետո անցնել մյուսներին: Դրա համար պետք է նախապայմաններ ունենաս: Մենք կառավարությանն առաջարկել ենք մեկ հեկտարի սուբսիդավորումը. այն ամբողջ աշխարհում ընդունված է: Դու աճեցրու լոլիկ, պետությունը քո ծախսի 30 տոկոսը կտա: Խոսքը գնում է ուղղակի ֆինանսավորման մասին, ոչ թե՝ տանենք Գյուղնախարարությանը փող տանք, նրանք էլ տանեն ճամփին Պողոսին տան, որ սա էլ իր հերթին՝ տա գյուղացուն: Չէ, ուղղակի ֆինանսավորում՝ մեկ հեկտարի հաշվարկով:

Այստեղ Գյուղնախարարության դերը պետք է կայանար նրանում, որ պարզապես վերահսկեր այդ գործընթացը,  գյուղացին ժամանակին ստանար սուբսիդավորումն ու տեսներ, թե ի՞նչ բերք ենք սպասում, իրացներ դա: Այսինքն, բերքը տաներ նաև միջազգային շուկա, ապահովեր բանակին և այլն»,- նկատեց  «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս