Բաժիններ՝

«Գյուղատնտեսության նախարարություն չունենալով՝ ուզում են գյուղատնտեսությունը զարգացնել». Սերգեյ Բագրատյան

«Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, կազմում են շուրջ 40.000 քառ. կմ, որի ուղիղ կեսը պիտանի չէ գյուղատնտեսության համար, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվում են միայն 14.000 քառ. կմ-ի վրա»,- անդրադառնալով կառավարության կողմից գերակա ճյուղ համարվող գյուղատնտեսության ոլորտին ու խնդիրներին՝ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«14.000 քառ. կմ-ի շուրջ 50 տոկոսն արոտավայրեր են, 37 տոկոսը կազմում են վարելահողերը և 3 տոկոսը՝ բազմամյա տնկարկներ։

Տարիներ շարունակ ասում ենք, որ Գյուղատնտեսության նախարարության հանձնառությունը պետք է լինի կոնկրետ տարածքները գույքագրելն  ու գյուղացիներին տեղեկացնելը, թե որ տարածքներում և ինչպիսի գյուղատնտեսություն պիտի զարգացնել՝ ինտենսիվ այգինե՞ր, թե՞ վարելահողով զբաղվել, կարտոֆիլագործությա՞մբ, թե՞ բանջարաբուծությամբ։ Այսինքն՝ այն կարևոր առաքելությունը, որը պիտի պետությունը ստանձնի, առայժմ բաց է մնում»,- ասաց նա։

Ըստ Բագրատյանի՝ գյուղացին գյուղատնտեսությունը վարելու համար դեռևս առաջնորդվում է ավանդական եղանակով, քանի որ  նորագույն տեխնոլոգիաները քչերին են հասանելի.

«Պատճառներից մեկը բարձր տոկոսով վարկավորումներն են, որոնց պատճառով գյուղացիական տնտեսությունները կորցրել են իրենց կարողունակությունը։

Այս պահին, երբ առաջարկվում են սուբսիդավորվող վարկեր, որոնց պայմանները վատը չեն, գյուղացիները չեն կարողանում դրանցից օգտվել, քանի որ վճարունակ չեն»։

Իրավիճակը փոխելու համար, նա համոզված է՝ պետք է գյուղացիները վստահ լինեն, որ իրենց արտադրած ապրանքը կիրացվի, վերամշակվող ընկերությունները կընդունեն ու եղանակային պայմանների պատճառով «աշխատանքները ջուրը չեն ընկնի»։

Բանախոսը նկատեց, որ այդտեղ մեծ է պետության դերն ու նաև ապահովագրության անհրաժեշտությունը։

«Տարիներ շարունակ գյուղատնտեսությանը հատկացվում էր վառելիք, սերմեր, պարարտանյութ, բայց, քանի որ չարաշահումների փաստեր հայտնաբերվեցին, ծրագրերը դադարեցվեցին, այնինչ թերություններ հայտնաբերելու դեպքում ոչ թե պետք է ծրագիրը փակել, այլ թերությունները վերացնել: Այս պահին ոչնչով չենք կարողանում օգնել գյուղացիներին, միայն վարկեր ենք առաջարկում, սակայն պետք է այդ օգնությունն առարկայական լինի, և վարկային գործակալը պետք է գնա գյուղացու տուն: Ես կարծում եմ, որ մենք  գյուղատնտեսությանը թողել ենք ինքնահոսի»,- ասաց նա:

Անդրադառնալով վարկերի «անհասկանալի» ընթացակարգերին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը նշեց, որ, երբ գյուղացին ցանկանում է օգտվել այդ վարկային ծրագրից, բազմաթիվ հարցեր են առաջանում.

«Կոնկրետ առաջարկվում է տոհմային տավարաբուծության ծրագիր, այն դեպքում, երբ այս տոհմային տավարաբուծությունը ենթադրում է կերային բազայի կարևորություն, այսինքն՝ սրանք այն կենդանիներն են, որոնք չեն կարող մեր լեռնային պայմաններում գոյատևել և ապահովել այն կաթնատվությունը, որ կա ծրագրով»։

Բագրատյանը նկատեց նաև, որ պետք չէ դրսից ամեն ինչ բերել և մեխանիկորեն պատճենել, քանի որ ծրագրեր կան, որոնք իրենց չեն արդարացնում այստեղ՝ օրինակ՝  «կան տնկիներ, որոնք բերվել են տարիներ առաջ ու Հայաստանի տարածքում քննություն չեն բռնել»։

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը խնդիրներ արձանագրեց նաև ոռոգման համակարգում. «Պատճառներից մեկը հնացված ենթակառուցվածքներն են, ոռոգման համակարգի կոռումպացված լինելն էր. երկար տարիներ այս համակարգի ֆինանսական ռեսուրսներն արդյունավետ չեն կառավարվել, և այս պատճառով առաջարկել եմ օրենքի նախագիծ, որով  արգելվում է կանխիկ վճարումներ կատարել ջրի վարձի դիմաց»։

168.am-ի հարցին, թե ոլորտի խնդիրներն ու ոլորտի ծանրությունը հաշվի առնելով՝ արդյո՞ք ճիշտ էր Գյուղատնտեսության նախարարությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը միավորելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունը, Բագրատյանն արձագանքեց.

«Չի՛ կարելի գերակա ճյուղ հայտարարել գյուղատնտեսությունն ու վերացնել Գյուղատնտեսության նախարարությունը։

Կառավարության կառուցվածքը պետք է սպասարկի կառավարության ծրագրին, ոչ թե ինքնանպատակ որոշես՝ մե՞կ նախարարություն ունենալ, թե՞ տասնհինգ, այլ՝ քանի ոլորտ կարևորում ես, այդ ոլորտներն առնվազն պետք է ունենան նախարարություններ։

Գյուղատնտեսության նախարարություն չունենալով՝ ուզում են գյուղատնտեսությունը զարգացնել»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս