«Գույքահարկի փոփոխությունը բավարար չէ՝ չեզոքացնելու համահարթի բացասական հետևանքները». Արկադի Խաչատրյան
«Հարցն այն է, որ համահարթ եկամտային հարկի ներդրման բացասական հետևանքները, որոնք առաջանում են՝ սկսած սոցիալական անարդարության, մարդկանց կյանքում փոփոխություններ չլինելու, անհամաչափ տարածքային զարգացման մասով, անպայման պետք է չեզոքացվեն կամ նվազագույնի հասցվեն: Հակառակ դեպքում՝ դրանք սոցիալական դժգոհությունների տեղիք կտան, խնդրահարույց է դարձնում այդ ամբողջ ռեֆորմի իմաստը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով համահարթ եկամտային հարկի ներդրման գաղափարին:
Ըստ նրա՝ ռեֆորմի իմաստը և նպատակը պետք է լինի մարդը, հետևաբար՝ անել մի բան, որն առաջացնում է բազմաթիվ հետևանքներ՝ առանց չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու, սխալ քայլ է. «Կարծում եմ՝ եթե կառավարությունը պատրաստվում է համահարթը ներդնել, ապա պետք է լուրջ քննարկի բացասական հետանքների խնդիրների լուծման հարցը»:
Իշխանության ներկայացուցիչների հավաստիացումներին, որ ապագայում իրականացվելիք գույքահարկի փոփոխությունները չեզոքացնելու են համահարթի բացասական հետևանքները, Ա.Խաչատրյանը հակադարձեց.
«Դա ավելի շատ ունեցվածք ունեցող մարդկանց է վերաբերում: Չմոռանանք, մենք խոսում ենք մեր ազգաբնակչության 70%-ից ավելիի մասին, որոնց կյանքում, ըստ էության, եկամուտների ավելացում չի լինում, այդտեղ պետք է լինի և՛ նվազագույն աշխատավարձի բարձրացում, և՛ պետք է քննարկվի որոշակի չհարկվող շեմերի հարց, անպայմանորեն պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվի տարածքներում, մարզերում մարդկանց աշխատանքի համար, նրանց որոշակի բարենպաստ պայմաններ պետք է արվի, որպեսզի այդ տարբերությունները նվազեցվի, այսինքն՝ բազմաթիվ քայլեր կան, և մենք տասնյակ առաջարկներ ունենք»:
Մեր ճշգրտմանը, որ միայն գույքահարկի փոփոխությունը բավարար չէ՞, Ա.Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Գույքահարկն ընդամենը համայնքային բյուջեներ գնացող, այսինքն՝ թանկարժեք գույքի մասով հարկումներն են, որոնք ամբողջությամբ չեն ծածկում: Եվ հետո հասարակ մարդու մոտ, իհարկե, որոշակի արդարության զգացողություն լինում է, բայց իր կյանքում փոփոխություն չի լինում դրանից: Այսինքն՝ պետք է նկատի ունենալ, որ մարդն ակնկալում է նաև իր կենսամակարդակի փոփոխություն: Միայն ուրիշից ավելի հարկ գանձելու հանգամանքը մարդուն բավարարում չի կարող ապահովել»: