Սպասվա՞ծ, թե՞ կանխատեսված հրաժարական

Նախօրեին բավականին հանկարծակի հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը:

Դանիելյանի հրաժարականին հաջորդեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը: Հատկանշական է, որ դատաիրավական ոլորտի երկու բարձրաստիճան պատասխանատուների հրաժարականը տեղի ունեցավ մի այնպիսի շրջափուլում, երբ տվյալ համակարգում արմատական փոփոխությունների մասին հայտարարությունները միմյանց հերթ չեն տալիս, և հանրությանն անընդհատ մատուցվում է այն գաղափարը, որ դատական համակարգը սաբոտաժի է ենթարկում ՀՀ նոր իշխանություններին, ու արմատական փոփոխություններն ուղղակի անխուսափելի են:

Նշվում է այն թեզը, որ դատական համակարգում արմատական և կտրուկ քայլեր է պետք կիրառել, այսպես կոչված՝ վեթինգ իրականացնել: Ընդհանուր առմամբ դատաիրավական համակարգում համոզմունք կա, որ վեթինգից խուսափելու լավագույն ձևն ինքնավեթինգն է:

Վերջին օրերին մամուլում շատ էր գրվում իշխանությունների՝ Զեյնալյանի գործունեությունից դժգոհության մասին, սակայն նա համառորեն հերքում էր այդ տեղեկատվությունը։

Հավելենք, որ Զեյնալյանը Փաշինյանի կաբինետում միակ ոչ «իմքայլական» նախարարն էր, և, այսպես ասած, «սվոյ» չէր համարվում՝ չնայած «Ելք» դաշինքում աշխատել էր Փաշինյանի հետ:

Այս պարագայում հարկ է ընդգծել, որ տարօրինակ, թե ուղղակի պատահական զուգադիպությամբ՝ Զեյնալյանի հրաժարականից ընդամենը ժամեր առաջ դատարանը որոշում կայացրեց և հանեց Ռոբերտ Քոչարյանի գույքի նկատմամբ կալանքի մի մասը:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Քոչարյանի գործի ցանկացած դետալ Ն. Փաշինյանի կողմից բավական զգայուն է ընդունվում, սա բավական տրամաբանված պատճառ կարող էր հանդիսանալ:

Ընդհանուր առմամբ չի բացառվում, որ Ա. Զեյնալյանը շտապել է օր առաջ հրաժարական ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով։ Նրա պաշտպաններն ու բժիշկներն ահազանգում են, որ Գրիգորյանի վիճակը կրիտիկական է, և, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Դրա վերաբերյալ նախօրեին վճիռ է կայացրել նաև Եվրոպական դատարանը։ Զեյնալյան-Փաշինյան դիլեմայի մասին խոսելիս հարկ է առանձնացնել նաև ևս մի կարևոր հանգամանք. չպետք է մոռանալ, որ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ է և Արամ Սարգսյանի զինակիցը, ով բոլորովին վերջերս մի քանի աչքի ընկնող երևույթների վերաբերյալ տվել էր հրապարակային գնահատականներ:

Մասնավորապես՝ Ա. Սարգսյանը քննադատել էր դատարանները շրջապատելու մասին արված Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ դա համարելով հակասահմանադրական:

«Հանրապետություն» կուսակցությունը դատապարտել էր նաև ապրիլյան պատերազմի մանրամասներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը:

Եթե հաշվի առնենք վարչապետ Փաշինյանի անհանդուրժող և կասկածամիտ քաղաքականությունն ու ամենուր դավադրություններ ու գաղտնի գործարքներ փնտրելու մոլուցքը, չի բացառվում, որ նշված հանգամանքը ևս առանցքային նշանակություն ունեցած լինի:

Տեսանյութեր

Լրահոս