Փաշինյանն ու Պուտինը շրջանցե՞լ են ղարաբաղյան հակամարտության թեման
Հունիսի 6-ին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների գրեթե բոլոր հանդիպումների ամենաուշագրավ թեման ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ քննարկումներն են՝ հաշվի առնելով Ռուսաստանի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում և Ռուսաստանի հատուկ դերակատարությունը հակամարտության տարածաշրջանում։
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս փուլում, երբ կողմերի միջև տարաձայնություններն է՛լ ավելի են խորացել, հաճախակիացել են շփման գծում միջադեպերը, ակնկալվում էր, որ, ինչպես միշտ, թեման կքննարկվի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության թեման չի հիշատակվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը:
Ըստ նրա, կայացել է շատ մանրամասն, հանգամանալից զրույց երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին: Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր հերթին՝ մեկնաբանել էր հանդիպման ընթացքում քննարկված թեմաները՝ ասելով, թե Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում, և քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։
Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը նշել է նաև, որ ԼՂ հակամարտության հարցին անդրադարձ եղել է, սակայն հարցերը վերաբերել են հիմնականում տնտեսական օրակարգին։
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա ընդհանուր ըմբռնում այս խնդրի վերաբերյալ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը։
Մեզ համար ուղենիշային է, իհարկե, ՀՀ վարչապետի խոսնակի մեկնաբանությունը հանդիպման բովանդակության վերաբերյալ, սակայն հետաքրքրական է նաև, թե ինչու է ՌԴ նախագահի խոսնակը պնդել, թե կարգավորման հարցը չի շոշափվել։
Փորձագետները գտնում են, որ ԼՂ հակամարտության կարգավորման թեման չի կարող չքննարկվել հայ-ռուսական բարձրաստիճան հանդիպումների ժամանակ, սակայն հարցն այն է, թե ինչ խորությամբ և շեշտադրությամբ է այն քննարկվել, քանի որ երկկողմ հարաբերություններում ներկա փուլում ուշադրություն պահանջող հարցերի շրջանակը բավականին ընդարձակ է։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ, բնականաբար, դատելով այս պաշտոնական մեկնաբանություններից, ի թիվս այլ հարցերի, ԼՂ հակամարտության թեմային անդրադարձ եղել է: Ավելին՝ անդրադարձը եղել է տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում։ Նրա կարծիքով, հենց այդ պատճառով պաշտոնական մեկնաբանություններում այդ թեման պարզապես չի արտացոլվել խորությամբ կամ բացակայել է, քանի որ այդ հանդիպման առիթը միջազգային տնտեսական համաժողովի մասնակցությունն էր։
«Չեմ կարծում, որ տարաձայնություններ կան այս հարցում։ Պարզապես երկու մեկնաբանություններում էլ Ղարաբաղյան թեմային տրվել է ավելի պակաս նշանակություն, քանի որ այն լրջորեն չի քննարկվել, ինչը նույնիսկ սպասելի էր։ Ուստիև հանդիպման հիմնական շեշտը դրվել է առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության վրա։ Ինչպես երևում է՝ քննարկվել են տնտեսական հարաբերությունները, ռազմատեխնիկական համագործակցությունը, տնտեսական վերջին միտումները, գազի գնի հարցը:
Ինքնին Փաշինյանի այցի կենտրոնում հիմնականում ներդրումներն են, առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցը հիմա ևս բավականին հագեցած իրադարձությունների փուլում է, պահանջում է հատուկ վերաբերմունք, բայց կարծում եմ՝ այս հանդիպումն այն առիթը չէր, որ ղեկավարները կենտրոնանային այդ հարցի ուղղությամբ»,- ասաց Լուկիանովը։
Ըստ նրա, ՀՀ և ՌԴ ղեկավարները հաճախակի են հանդիպում և խնդիր չունեն քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։
«Ինչպես գիտեք, վերջերս Ռուսաստանի միջնորդությամբ նախարարական հանդիպում էր կայացել, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը միջնորդում է, որպեսզի հանդիպումները լինեն հաճախակի, շփումները՝ հաջողված: Կարծում եմ՝ այսօր կան որոշակի զարգացումներ, որոնք ընթացքի մեջ են, և առաջիկա ժամանակը շատ բան է ցույց տալու, թե ինչպես կընթանան բանակցությունները»,- ասաց Լուկիանովը։
Իր հերթին՝ ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, թե տարօրինակ կլիներ, որ Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական համաժողովի առիթով կայացած հանդիպմանը կողմերը կենտրոնանային անվտանգության հարցերի և ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա, հատկապես, երբ այս հարցի ուղղությամբ հայ-ռուսական քննարկումների պակաս կողմերը չունեն։
Ըստ նրա, ներկայումս ԼՂ հակամարտության կողմերը կենտրոնացած են հումանիտար նախաձեռնությունների վրա, չնայած զուգահեռ տարբեր այլ թեմաներ ևս շրջանառվում են, սակայն պաշտոնական օրակարգը պտտվում է այս նախաձեռնությունների շուրջ։
«Բայց ղեկավարներն ընդհանուր առմամբ մտքեր են փոխանակել նաև ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի շուրջ, բայց ոչ դետալների վերաբերյալ։ Կարծում եմ, նման արարողակարգը լիովին ընդունելի և նորմալ է այս իրավիճակի պարագայում։ Նման այցի կուլիսներում պետք է քննարկվեն տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Իմ համոզմամբ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ տարաձայնություններ չկան, կողմերը չեն խուսափել քննարկել»,- ասաց նա։