«Հին «Երազ», «ԳԱԶել» մեքենաների պատուհանները կտրում են, սարքում շրջիկ մեքենա». Երևանի ավագանու անդամ
«Շարժական սրճարաններում պարտավոր են պահել սանիտարական բոլոր նորմերը: Պետք է ջուր, գազ ունենան, իսկ այսօր Երևանում 1-3 մեքենա կգնտես, որ բոլոր ստանդարտներին համապատասխանում է, որովհետև գրեթե 200.000 դոլար է պահանջվել, որ դրսից բերեն այդ մեքենան»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ այժմ օրենքի նախագիծ է մշակվում այն մասին, թե ի՞նչ մեթոդով պետք է տրամադրվեն թույլտվությունները:
«Իրենք մի տեղ կանգնում ու մնում են, որպես այդպիսին՝ շրջիկ չեն: Օրենք է մշակվում, թե որ վարչական շրջանում քանի մեքենա կարող է լինել: Ամենայն հավանականությամբ՝ թույլտվությունը մրցույթով կլինի, որովհետև բոլորը չեն կարող լինել Կենտրոնում: Տարածքի գներն էլ ըստ վարչական շրջանների կարող են լինել»,- նշեց ավագանու անդամը:
Ինչ վերաբերում է շրջիկ առևտրով զբաղվողների պահանջին՝ վերականգնել էլեկտրականությունը, Անի Խաչատրյանը նկատեց.
«Այս պահին օրենքը շատ թերի է, թույլ չտալն էլ չի ստացվում, միայն հոսանքն անջատելով ենք սահմանափակվում: Իրենց պահանջներն էլ մի քիչ շատ են, ասում են՝ թույլ տվեք կանգնենք ինչ-որ տեղ: Ես չեմ պատկերացնում՝ թույլ տալ, որ Աբովյան փողոցի երկայնքով կանգնե՞ն այդ մեքենաները: Մեքենաներն իրենց չափանիշերն ունեն, որը Երևանում գրեթե ոչ ոք չի պահում: 1-2 մեքենա կա, որոնց կարելի է թույլ տալ, որ աշխատեն, որովհետև այնտեղ հատուկ նորմեր կան, որ պետք է պահպանվեն:
Հին «Երազ», «ԳԱԶել» մեքենաների պատուհանները կտրում են, սարքում շրջիկ մեքենա: Կասկադում մի քանի մեքենա իրար կողքի կանգնած են, փողոցը փակում են:
Մենք առանց այն էլ ավտոկայանատեղիների խնդիր ունենք, բայց իրենք կարմիր գծերի համար 12.000 դրամ են վճարում ու կանգնում»:
Ավագանու անդամի փոխանցմամբ՝ «Շարժական սրճարանների միության» անդամների հետ քննարկում տեղի է ունեցել, բանակցությունները շարունակվում են:
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանն էլ հայտնեց, որ հարցի հետ կապված դեռ որևէ նորություն չկա, ինչ վերաբերում է ջրի ու գազի խնդրին՝ նշեց.
«Տնտեսվարն է ընտրում՝ գազ կօգտագործի՞, թե՞ հոսանք, իսկ ջրի բաքեր ունեն: Կան 3 շարժական սրճարաններ, որ գործարանային խոհանոցներ ու ամեն ինչ ունեն»:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները պահանջում էին, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու՝ մինչ օրենքը կկարգավորվի:
Այդ օրը հանդիպում կայացավ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով խոստացել էր փոխանցել Փաշինյանի պատասխանը՝ կապված էլեկտրաէներգիայի հարցի հետ:
«Ավելի ուշ ստացանք վարչապետի բացասական պատասխանը, այն է՝ եթե շարժական սրճարան է, ապա լարանցում չպետք է ունենա:
Մենք հիմա շարունակում ենք աշխատել գեներատորներով, որի համար ամեն օր ամենաքիչը 10.000 դրամ ծախս է պահանջվում: Զուտ հաճախորդ չկորցնելու համար աշխատում ենք, որպեսզի մեր արած գործը ջուրը չընկնի: Հիմա մենք առաջարկում ենք, որ ժամանակավոր՝ 4 ամսով, թույլտվություն տան, առանց կողմնապահության, բոլոր շրջիկ կետերին, մինչև օրենքը կընդունվի»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը:
«Մեկ շաբաթում թույլտվություն ստանալու համար թող հավաքեն բոլոր դիմումներն ու այդ օրվանից ոչ մեկի այլևս չտրամադրեն: Դա կլուծի երկու հարց. բոլորը կշարունակեն աշխատել ու էլ չեն շատանա: 4 ամիս հետո նոր կուսումնասիրեն բոլոր նորմերին համապատասխանելիությունը, հիգիենան, սննդային անվտանգությունը: 4 ամիս ժամանակ տան՝ բոլորը երջանիկ կլինեն: Ոչ կգան կտուգանեն ու հայհոյանքներ կլսեն, ոչ մարդիկ կդժգոհեն, որ այս սեզոնին չեն աշխատում, ոչ էլ քաղաքացիները դռդռացող գեներատորների կողքով կանցնեն»,- մանրամասնել էր Արեն Մելիքյանը:
Նրա փոխանցմամբ՝ շատերին շարունակում են տուգանել:
«Մարդ կա՝ արդեն երրորդ անգամ է տուգանվում 80.000 դրամով՝ սննդի լիցենզիա չունենալու և հանրային սննդով զբաղվելու համար»,- նշեց «Շարժական սրճարանների միության» հիմնադիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Քաղաքապետարանի «Առևտրի վարչությունն» ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Գույքագրման և համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առևտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ: Զեկուցվել է նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները:
«Մենք մի կողմից՝ փորձում ենք ամբողջ քաղաքում կրպակները հանել, որոնք փաստացի խանգարում են Երևանի բնականոն զարգացմանը, մարդկանց տեղաշարժին, հիմա էլ այդ նույն կրպակներից դնում են մեր ավտոկայանատեղիների վայրերում: Շարժական առևտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առևտուր իրականացնում:
Եվ շարժական մեքենան, այո, որևէ լարանցում չպետք է ունենա: Այդ պարագայում ևս ստացվում է, որ եկել են կայանել երկարատև գործունեության համար: Ես լսել եմ, որ դժգոհություն կա տնտեսվարողների կողմից, բայց այդ դժգոհությունն ամենևին էլ տեղին չէ, որովհետև մենք թույլ չենք տալու, որ նոր կրպակներ առաջանան, այն էլ՝ արդեն ավտոկայանատեղիներում: Ոչ մի տարբերություն չկա կցորդի և կրպակի միջև, որն ուղղակի անիվներ ունի:
Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականների, որ ով, որտեղ, ինչ ուզում՝ դնում էր և սկսում էր վաճառել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:
Երևանում շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև՝ ժամերը և օրերը:
Անի Կարապետյան