Բաժիններ՝

«Քանի մորմազգիների ցեցը կա՝ վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի ու պղպեղի գինը բարձր է լինելու». Հրաչ Բերբերյան

«Եթե կարտոֆիլը գյուղացին խրամատի մեջ պահում է, ապա սոխը չէր կարողանում, պարկերի մեջ էր ու ահագին փչացավ, դրա հետ է կապված սոխի բարձր գինը: Իսկ այս մասին իշխանությունները լռում էին: Այս տարի շատ լավ ելակ ունենք: Գնից շատերը կբողոքեն, բայց գյուղացու աշխատանքն էլ պետք է հաշվի առնել: Այս տարվա նման ելակ երբեք չենք ունեցել: Գինն էլ անցած տարվա համեմատ 30 տոկոսով քիչ է: Կեռասն էլ վատ վիճակում չէ, բայց խնձորը պակաս է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:

Հարցին, իսկ ո՞րն է տեղական լոլիկի բարձր գնի պատճառը, նա պատասխանեց.

«Մեկ տարի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ցեցի դեմ պայքարի միջոցներ առաջարկել: Քանի մորմազգիների ցեցը կա՝ մենք վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի ու պղպեղի  հետ խնդիր կունենանք: Մեկ անգամ պետք է պայքարեինք ու 5 տարի հանգիստ քնեինք: 5 տարին մեկ լուրջ պայքար պետք է տանել: Չեն անում, առաջինը՝ չգիտեն, երկրորդն էլ՝ փող լվալու տեղ չկա: Նախարարությունը մշակել է ֆերոմոնային թակարդներ, որ պայքարեն ցեցի դեմ, իսկ դա եղել է 50 տարի առաջ: Այստեղ էշի ծիծաղն էլ է գալիս: Ամեն գիտնական գիտի, որ ֆերոմոնային թակարդները միայն մոնիտորինգի համար են: Այսինքն՝ այս տարածքում քանի՞ ցեց կա, թակարդները դնում են, մի երկու ցեց ընկնում է մեջը, մոտավոր հաշվարկ են անում ու ասում, որ այս հեկտարի վրա կա 100.000 ցեց, բայց այդ 100.000-ից մի տոկոսն էլ թակարդի մեջ չի ընկնում: Ցեցի դեմ պայքարը մենք մշակել ենք, ու բազմիցս ասել եմ՝ թանկագի՛ն տգետներ, դիմեք մեզ, մենք կսովորեցնենք՝ ինչպես պայքարել ցեցի դեմ»:

Ինչ վերաբերում է հայկական շուկայում թուրքական լոլիկի բացակայությանը, Հրաչ Բերբերյանը նկատեց.

«Մեզ մոտ ջերմոցները շատացան ու, բնականաբար, խանգարում են, որ Թուրքիայից լոլիկ ներկրեն: Ձմռանը կար, բայց ոչ մեծ քանակությամբ: Շուտով արդեն շուկայում կլինի դաշտի լոլիկը: Ավելին, ո՞վ է ասում, որ թուրքական լոլիկ մեր շուկայում չպետք է լինի: Եթե չեղավ՝ մեր արտադրողները գինը բարձրացնելու են: Նման բան եղել է: Նույնը՝ ձվի հետ կապված, սուպերմարկետներից մեկը ձու ներկրեց, երեք անգամ ձվի գինը բարձրացավ: Եթե մրցունակությունը չպահպանենք՝ ժողովուրդն է տուժելու: Շուկան ազատ, մրցունակ պետք է լինի»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս