Լիտվան պատրաստ է նպաստել Հայաստանում առողջապահության ոլորտում իրականցվող բարեփոխումներին
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունիսի 3-ին հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարար Աուրելյուս Վերիգայի հետ (Aurelijus Veryga):
Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր, ընդգծվել հարաբերությունները նոր իրավապայմանագրային հիմքի վրա զարգացնելու անհրաժեշտությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Վերիգան նշել է, որ Լիտվան պատրաստ է տարբեր ուղղություններով իր փորձը կիսել Հայաստանի հետ և նպաստել Հայաստանում առողջապահության ոլորտում իրականցվող բարեփոխումների անցկացմանը։
Կողմերն անդրադարձել են երկու երկրների առաջատար բժշկական ուսումնական հաստատությունների՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Լիտվայի բժշկագիտության համալսարանների միջև համագործակցություն հաստատելու հնարավորությանը։
Նախարար Վերիգան և դեսպան Մկրտչյանը քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանն ու փոխադարձ աջակցությանն առնչվող այլ հարցեր։