Բաժիններ՝

«Այն քաղաքներում, որտեղ աղտոտված է օդային ավազանը, աուտիզմով երեխաների տոկոսն ավելի բարձր է». բնապահպան 

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է։

«Այս տարի շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվա ակցենտը  դրվել է  օդային ավազանի մաքրությանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նա հավելեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն քաղաքներում, որտեղ աղտոտված է օդային ավազանը, աուտիզմով երեխաների տոկոսն ավելի բարձր է։

Բնապահպանն ահազանգեց նաև, որ տագնապալի է իրավիճակը մոլորակի վրա. այն ապահավասարակշռված է. «Միայն կլիմայի փոփոխությունը չէ, դա ընդհանուր մոլորակի պատասխանն է անտրոպոգեն գործունեությանը։ Եթե հետևեք ՄԱԿ-ի հրապարակումներին, ապա պարզվում է, որ վերջին հիսուն տարվա ընթացքում աղետները եռապատկվել են մոլորակի վրա։

Ամեն տարի 300-400 տոննա ծանր մետաղներ և այլ տոքսիկ նյութեր մարդկությունն արտանետում է համաշխարհային օվկիանոս։ Օվկիանոսում, որը պիտի հավասարակշռի իրավիճակը մոլորակի  վրա, ունենք մոտ 400, այսպես կոչված, մեռյալ տարածքներ, որտեղ ձևավորվել են թափոններից կղզիներ և ազդեցությունը խիստ բացասական է։

Ուստի ՄԱԿ-ը մշակել է կայուն զարգացման նպատակները,  ինչի պիտի հասնենք 30 թվականին,  բայց եթե ամփոփում ենք իրավիճակը, տեսնում ենք, որ էկոլոգիական ճգնաժամը խորանում է»։

Այս համատեքստում Կ. Դանիելյանը կարևորեց էկոլոգիական մշակույթի ներդրումն ու զարգացումը։

Հայաստանյան խնդիրներին անդրադառնալով՝ Դանիելյանն օգտագործեց «Բնական ռեսուրսների անեծք» գիտական տերմինը։

«Երբ երկիրը հարուստ է բնական ռեսուրնսներով, բայց ոչ ռացիոնալ է օգտագործում, և դրական էֆեկտի փոխարեն՝ բացասական էֆեկտ ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ անկախության տարիներին մխրճվեցինք այդ գործընթացների մեջ։

Ըստ բնապահպանի՝ կենսաբազմազանության առումով մեր տարածքը հարուստ է, «բայց որքանով ենք գնահատում, դա խնդիր է»։

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահը նկատեց, որ Հայաստանի համար ամենամեծ խնդիրը հումքային կցորդ դառնալն է. «Եվ այսօր արդեն ունենք 23 պոչամբար, որոնք ուղղակի քաղցկեղի նման ծածկում են Հայաստանը»։

Բնական կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Աննա Հովհաննիսյանը, թեմային անդրադառնալով, լրագրողներին ներկայացրեց իր փորձը՝ ուղղված երկրում աղտոտվածության մակարդակն իջեցնելուն։ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց արտադրանքի համար փաթեթավորումը կիրառում են՝ ըստ խիստ անհրաժեշտության, ոչ թե մարքետինգի ու շքեղության համար. «Ամենամեծ աղտոտվածությունն աշխարհում բաժին է ընկնում կոսմետիկայի արտադրությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս