Բաժիններ՝

«Ամեն օր մեզ զանգում են, անգամ՝ ահաբեկում». Թուրքիայից Հայաստան ապրանք բերողները դիմում են ՀՀ իշխանությանը

Մայիսի 18-ից Բագրատաշենի մաքսակետում են պահվում Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները:

«ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանն օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում մայիսի 24-ին հայտարարել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակին։

Արթուր Վանեցյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն տվյալներ ունի, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ-ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։

«Մաքսային ծառայության աշխատակիցը, որը մեր կողմից կասկածվում էր կաշառք ստանալու մեջ, սովորեցրել է քաղաքացիներին աղմուկ բարձրացնել, ճանապարհ փակել, դիմել ծայրահեղ քայլերի»,- նշել էր նա:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առևտրականներն ընդունեցին իրենց մեղքը՝ ասելով, որ սխալ են գործել ու դրա համար պատրաստ են վճարել, սակայն իշխանությանը խնդրում են արագացնել այդ գործընթացը, որովհետև ավտոբուսը պատկանում է վրացու, ով իր գումարն է պահանջում:

«Իրավասու մարմիններին խնդրում ենք պատասխանել՝ ինչպե՞ս է սա շարունակվելու: Մենք մեծ ֆինանսներ ենք կորցրել: Ամեն օր մեզ զանգում են, անգամ՝ ահաբեկում: Մենք ունենք ինչ-որ խախտումներ, պատրաստ ենք հատուցել: Շատ վախենալու թվեր են գալիս մեզ վրա: Թող ղեկավարությունը մեզ ստույգ պատասխան տա: Երկու շաբաթ է՝ ավտոբուսը կանգնած է, պարտավոր ենք 5000 դոլար վճարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նարա տուրի» տնօրեն Նարինե Նորիկյանը:

Վրացական կողմից ավտոբուսը վարձակալությամբ վերցրած «Ռուս տուրի» տնօրեն Պողոսյան Խաչատուրն էլ նշեց. «Ավտոբուսը մայիսի 19-ից գտնվում է Բագրատաշենի մաքսակետում: Խնդրում եմ, որ այս հարցի լուծումը մի քիչ արագացվի: Վրացին զանգել ու իր գումարն է ուզում: Շաբաթը 2400 դոլար է»:

Ասուլիսի ժամանակ Խաչատուր Պողոսյանին զանգահարեց վրացի գործընկերն ու պահանջեց ավտոբուսի գումարը՝ միայն այսօր՝ 1000 դոլար, որպեսզի բանկին վճարի, հետո նոր վճարեն 5000 դոլարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս