 
                        Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Իտալիայի դեսպանություն
 
                                    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն:



Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական մշակութային և պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարևորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ օրերս տիկնոջ հետ այցելել էր Վենետիկի Մխիթարյան միաբանություն և հանդիպել միաբանության անդամների հետ: Հանրապետության նախագահն ու Իտալիայի դեսպանը համակարծիք են եղել, որ միաբանությունը Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական, պատմական և մշակութային կապերի խորհրդանիշն է և Իտալիայում հայկական ներկայության հիանալի օրինակ:


 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        