Բաժիններ՝

«Ոչ թե հողի, այլ ոռոգման ջրի հարկից գյուղացուն ազատելը գյուղոլորտում իսկական հեղափոխություն կլինի». Սարգիս Սեդրակյան

Ազգային ժողովի հերթական քառօրյայի ժամանակ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս ԲՀԿ խմբակցությունն առաջարկել է աղետների դեպքում գյուղացիներին ազատել հողի հարկից և հնարարավորություն տալ ոտքի կանգնելու։ Այս առաջարկն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների սրտով չի եղել, որոնք նշել են, թե գյուղոլորտի ապահովագրության համակարգ են ստեղծել, իսկ հողի հարկից ազատելու համար որևէ մեխանիզմ գոյություն չունի։

168.am-ի հետ զրույցում «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը նկատեց՝ եթե ԲՀԿ-ն ցանկանում է օգտակար լինել գյուղացիներին, ապա կարող է օգնել, որպեսզի նա ազատվի ոռոգման ջրի հարկից, ինչն իսկական հեղափոխություն կլինի գյուղոլորտում։

«Նախ՝ առաջինը թող ոռոգման հարկից ազատեն, իսկ հետո մտածեն հողերն ավելի արդյունավետ օգտագործելու մասին։ Մարդիկ կան, որ իրենց հողերը թողել ու երկրից գնացել են, ինչ մեխանիզմ ուզում են՝ ներդնեն, բայց այդ հողերն անպայման պետք է մշակվեն։ Հողը կենդանի օրգանիզմ է, եթե այն մեկ կամ երկու տարի չենք մշակում, ապա այն դեգրադացվում և դառնում է ոչ պիտանի։ Անմշակ հողերը պետք է ինչ-որ ձևով վերցնեն պետական ենթակայության տակ, այլ ոչ թե դնեն վաճառքի։ Սխալ է, երբ ասում են՝ նման հողերն աճուրդով վաճառենք»,- ասաց Ս. Սեդրակյանը։

Ըստ նրա, ջրի հարկի վերացումը կապված է մեծ ծախսերի հետ, սակայն, եթե գյուղոլորտում ցանկանում են Նիկոլ Փաշինյանի նշած հեղափոխությունն անել, ապա պետք է գնան այդ քայլին։

«Կառավարությունն այս առումով կարող է շատ քայլեր իրականացնել, ԲՀԿ-ն իր առաջարկն արել է պարզապես իր լիազորությունների շրջանակներում։

Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ տեսնելով, թե երկու օր առաջ ինչ էր կատարվում Արագածոտնի մարզում, երբ բնակիչները բունտ էին բարձրացրել՝ ոռոգման ջրի սակագնի հետ կապված։ Պատկան մարմինները դրանից հետո որևէ հայտարարություն չարեցին, երևի ուսումնասիրություն չեն էլ արել»,- շեշտեց Սարգիս Սեդրակյանը։

Ինչ վերաբերում է գյուղապահովագրության համակարգին, Սարգիս Սեդրակյանն ասաց, որ գաղափարը լավն է, սակայն այն Հայաստանում չի գործի, քանի որ նախորդ իշխանությունների ժամանակ գյուղացուն միշտ խաբել են, և նա այսօր որևէ մեկին չի վստահում։

«Եթե պետք է 1000 դրամ անդամավճար վճարեն ապահովագրության համար և սպասեն մինչև աղետի ժամանակ 20-30 հազար դրամ ստանան, ասում են՝ ավելի լավ է՝ 1000 դրամ մեր  գրպանը մնա, չկա վստահություն»,- ընդգծեց Սարգիս Սեդրակյանը։

Նա նաև կարևորեց գյուղատնտեսական տեխնիկաների պարկի ստեղծումը, որը նույնպես շատ օգտակար կլինի գյուղացիների և գյուղատնտեսության համար։

«Ասում են՝ լիզինգ անենք, բայց ո՞վ հնարավորություն ունի դրանից օգտվել, կարող են օգտվել միայն այն գյուղացիները, որոնք Ռուսաստանից շատ թե քիչ գումար են ստանում»,- եզրափակեց Ս. Սեդրակյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս