«Նիկոլ Փաշինյանը վեթինգի գործընթացը պետք է սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից». Զարուհի Փոստանջյան

Եթե կա խնդիր՝ արդարադատություն իրականացնելու հետ կապված, ապա այսօրվա գործող քաղաքական իշխանությունը, որն ունի մեծամասնություն Ազգային ժողովում, կարող է հրավիրել դատախազին և դատախազից հաշվետվություն պահանջել՝ ոչ մասնավոր գործի վերաբերյալ, այլ ընդհանուր առմամբ դատաիրավական համակարգի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի կոչին։

«Եվրոպայի խորհրդի և Եվրամիության կողմից տրվեց սպառիչ պատասխան, որ ընդունելի չէ քաղաքակիրթ համայնքների համար դատարանները շրջափակել և դատարանների նկատմամբ ճնշում բանեցնելը։

Բայց դա առաջին անգամ չէ, որ մենք տեսնում ենք. Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կոչն առաջին անգամ չէր. մենք տեսանք, թե ինչպես էր գաղտնալսման ժամանակ այսպիսի միտք արտահայտվում, թե ուզես-չուզես, պետք է կալանավորես, նման պատվեր կա, հետևաբար՝ սա էլ այդ պատվերի ներքո էր» ։

Ըստ Փոստանջյանի, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործը, Փաշինյանը դատարանները շրջափակելու կոչով չէր դիմի. «Մեր քաղաքացիները բազմիցս բողոքել են դատաիրավական համակարգից, բայց դրանց արձագանք չի տրվել. միայն այս դեպքում, երբ նրան չգոհացրեց որոշումը, նա որոշեց շրջափակել դատարանները»։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը համոզված է, որ դատարանների շրջափակումը որեւէ խնդիր չլուծեց, իսկ Գագիկ Հարությունյանի հեռացմամբ ոչինչ չի փոխվել, քանի որ, ըստ նրա՝ խնդրի լուծումն անձանցով չէ պայմանավորված.

«Համակարգային փոփոխությանը միտված որևիցե քայլ չի ձեռնարկվել, նա ուղղակի տեսարաններ է ապահովել, որոնց թվին է պատկանում նաև անցյալ տարվա օգոստոսի 17-ի՝ 100 օրվա հետ կապված հաշվետվությունը Հանրապետության հրապարակում, որտեղ նա բղավում էր, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է»։

Նա հավելում է նաև, որ անցումային արդարադատության կայացման համար պետք է սահմանադրությունը փոխվի, իսկ վեթինգի մասով նկատեց, որ վարչապետն այն պիտի սկսի իր ընտանիքի անդամներից. «Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսվում է 2008 թվականից, մինչդեռ մեր հանրության համար այդ անցումը պետք է ապահովենք 1991 թվականից։

Իսկ եթե դրվագային պետք է անցկացվի  անցումային արդարադատությունը, ապա ստացվում է էլի խաբեություն, տեսարանի ապահովում։

Վեթինգն այնպիսի մեխանիզմ է, որ ամենուր, անընդհատ պետք է կիրառվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն իրենից պետք է սկսի, և իր ընտանիքի անդամներից, բայց ինքն իր նկատմամբ չի ցանկանում վեթինգ կիրառել, այլ դրվագային՝ միայն դատավորների նկատմամբ, այն էլ՝ չունենալով դրա համար կանոնակարգեր, օրենսդրություն և ժամանակ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս