Բաժիններ՝

Բելառուս, Հայաստան, Իրան, Մեծ Բրիտանիա, ՌԴ. «Արմենիա Արթ ֆեյր» ամենամյա ցուցահանդեսն իր շուրջ համախմբել է մի շարք երկրների արվեստագետների

«Արմենիա Արթ ֆեյր» ամենամյա ցուցահանդեսը, որը տեղի է ունենում 2-րդ տարին անընդմեջ իր շուրջ համախմբել է Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից տարբեր արվեստագետների:

Այս տարի «Արմենիա Արթ ֆեյր»-ին, որն անց է կացվում «Երևան էքսպո» կենտրոնում, ներկա է 35 մասնակից ցուցասրահ և համադրող:

Ցուցահանդեսը քաղաքացիների համար բաց է լինելու հունիսի 1-ին և 2-ին:

«Արմենիա Արթ ֆեյր»-ի համահիմնադիր Նինա Ֆստգջյանը նշեց, որ Հայաստանն ունի երազանքներ և «Արմենիա Արթ ֆեյր»-ն այդ երազանքների իրականացման համար պետք է կատալիտիկ դեր խաղա:

«Այս ցուցահանդեսը իրականացնում ենք Զարուհի Ուզունյանի հետ և մեզ համար շատ դժվար էր անցյալ տարի իրականացնել այդ միջոցառումը, սակայն այս տարի մեր բոլոր ուժերն ավելի ենք ուղղել Արթ ֆեյրի վրա: Այստեղ ցուցադրված են նկարներ, ժամանակակից արվեստի տարրեր և այլն»,- ասաց Ֆստգջյանը և ավելացրեց, որ 8 տարբեր երկրից մասնակից կա՝ Իրանից, Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և այլն:

«Արմենիա արթ ֆեյր»-ի համահիմնադիր Զարուհի Ուզունյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս միջոցառումն իրենց համար շատ կարևոր իրադարձություն է:

«Արդեն 2-րդ տարին է որ իրականացնում ենք այս միջոցառումը: 2018 թվականին կար ընդամենը 19 մասնակից, իսկ այժմ 35-ն են: Մեր թիմի աշխատանքով կարողացանք հասնել նրան, որ տարբեր երկրների արվեստագետների ուշադրությունը հրավիրեցինք դեպի Հայաստան»,- նշեց և հավելեց, որ այս ցուցահանդեսի միջոցով հնարավոր կլինի շուկան ավելի հետաքրքիր դարձնել շահագրգիռ անձանց համար:

Բացման արարողությանը հաջորդեց նորաձևության ցուցադրությունը: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Ամերիաբանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս