Հայաստանը Նեապոլում կմասնակցի ամառային 30-րդ ամառային ունիվերսիադային
Ուսանողական սպորտի զարգացման, ֆիզիկական հնարավորությունների գնահատման, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի դաստիարակմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Ըստ այդմ՝ գումար կհատկացվի «ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ին՝ հուլիսի 3-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում կայանալիք ամառային 30-րդ ամառային ունիվերսիադային մասնակցելու համար:
ՀՀ ուսանողական պատվիրակությունը կարող է մասնակցություն ունենալ ձյուդո, լող, աթլետիկա, հրաձգություն, սուսերամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, սպորտային մարմնամարզություն և թենիս մարզաձևերում: Համաշխարհային ունիվերսիադաները հանդիսանում են տարվա ամենակարևոր մարզական միջոցառումը, որին մասնակցություն են ունենում շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց ուսանողական մարզական լիգայի ստեղծման գաղափարը. «Այստեղ նույնիսկ կարևորն արդյունքներն ու ցուցանիշները չեն, այլ ընդհանրապես կարծում եմ՝ դա երևույթ է, որը շատ կարևոր նշանակություն ունի մթնոլորտի առումով, ուսանողական հանրության միջավայրում միասնության և ամբողջության զգացում սերմանելու և լավ մթնոլորտ ունենալու առումով: Իսկ մեր ուսանողներին ունիվերսիադայում, իհարկե, մաղթում ենք հաջողություններ»: