«Որևէ դեմարշի խնդիր չկա». Արարատ Միրզոյանը՝ ՀՀ նախագահի ներկայացրած ՍԴ անդամի թեկնածուի մերժման մասին
«ՀՀ օրենսդրությամբ նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, Ազգային ժողովն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև Ազգային ժողովի և նախագահի պատկերացումները համընկնեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի անդամի հերթական ընտրությունները, երբ ՀՀ նախագահի ներկայացրած թեկնածուն մերժվում է։
Ըստ նրա՝ սա որևէ կերպ չի կարելի մեկնաբանել՝ իբրև նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսևորման կամ դրա բացակայության խնդիր։
Թե ինչո՞ւ Ա. Միրզոյանը չի հանդիպում Արմեն Սարգսյանին և քննարկում թեկնածուի հարցը, ԱԺ նախագահը նշեց, որ պարբերաբար հանդիպում է ՀՀ նախագահի հետ, և խոսում են տարբեր խնդիրների շուրջ։
Հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որին մերժել էր Հանրապետական ԱԺ-ն, Ա.Միրզոյանը պատասխանեց՝ հղում անելով նրան, որ թեկնածու առաջադրելու իրավասությունը նախագահինն է, և նա ունի իր պատկերացումները։ Ելնելով այս կամ այն փաստարկներից, ըստ Ա.Միրզոյանի, նախագահն անում է առաջադրումներ։
«Տեսնենք՝ հաջորդ առաջադրումը ոնց կլինի։ Իր կողմից՝ մեր, մեր կողմից՝ իր նկատմամբ որևէ դեմարշի խնդիր չկա։ ԱԺ-ն պետք է քվեարկի, ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին հարմար կգտնի առաջադրել նախագահը։ Շատ պարզ է ամեն ինչը»,- ասաց Ա.Միրզոյանը՝ չհամաձայնելով պնդմանը, որ այդպիսով ԱԺ-ն անվստահություն է հայտնում նախագահի ինստիտուտին։