Մեր իշխանավորնե՞րը չեն լսել Նիկոլ Փաշինյանի կոչը, թե՞ վարչապետի դիրքորոշումն է փոխվել
Եվ այսպես, Երևանի պետական համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Գեղամ Գևորգյանն է, ԵՊՀ նախկին պրոռեկտորն էր, ում աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով:
Գևորգյանը նիստի ժամանակ, անդրադառնալով իր անվանն առնչվող խոսակցություններին, ասաց. «Ինձ համար շատ ցավալի է, որ անունս կապում են հեղափոխության կամ հակահեղափոխության հետ։ Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ կրթությանն ու գիտությանը։ Բացարձակ չեմ ամաչում այն կադրերից, որ պարբերաբար շրջանառվում է կայքերով, թե ինչպես եմ ես դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին, և ինձ համար առավել ցավալի է, որ այդ մասին դատողություններ են անում մարդիկ, որոնք այդ ժամանակ երկու դռան հետևում փակված՝ դողացնում էին, չգիտեին՝ ինչ անել»։
Խոսքը, թերևս, մեկ տարի առաջվա իրադարձությունների մասին է, երբ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը հեղափոխության ժամանակ դռներ էր փակել ուսանողների առջև ու, մեղմ ասած, այնքան էլ լավ վերաբերմունք չէր ցուցաբերել այսօրվա իշխանավորների հանդեպ։
Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստից այն տպավորությունն էր, որ իշխանական թևի թեկնածուն հենց Գեղամ Գևորգյանն էր, և այդ դեպքում անհասկանալի մնաց, թե պարոնայք իշխանավորնե՞րը չեն լսել Նիկոլ Փաշինյանի կոչը, թե՞ վարչապետի դիրքորոշումն է փոխվել։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Նախ պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգ։ Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա։ Օրինակ, այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։
Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ՝ այս կողմ, մի շաբաթ՝ այն կողմ, կիրագործվի։ Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենաք»։
Հիմա ինչպե՞ս հասկանանք Գեղամ Գևորգյանի դուռ փակելու փաստը հանկարծ մոռանալու հանգամանքը։ Որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում այս ընտրությունը, բացի, թերևս, այն հանգամանքից, որի պատճառով արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան ազատեց իր զբաղեցրած պաշտոնից։
Մի՞թե ճիշտ էին այն խոսակցությունները, թե Գեղամ Գևորգյանը գաղտնի գործարքի է գնացել իշխանությունների հետ, ու համալսարանից արտահոսքեր հենց նրա կողմից էին կատարվում, և, թերևս, դրանով էր պայմանավորված ռեկտորի մոտ նրա՝ վստահությունը կորցնելու հանգամանքը։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հոգաբարձուների խորհրդում 8 հոգանոց ներկայացվածություն ունեցող ուսանողական խորհուրդը հանդես եկավ ոչ թե իր, այլ Վահե Հովհաննիսյանի թեկնածության օգտին, ինքը դա ինչպե՞ս կմեկնաբանի, և ինչպիսի՞ն կլինեն հետագայում հարաբերություններն ուսանողների հետ, Գեղամ Գևորգյանն ասաց.
«Եկեք ճշտենք, մոտավորապես 16 000 ուսանողների մասին է խոսքը, հարաբերությունները փառահեղ են, շատ լավ, հատկապես այն ուսանողների, որոնք լավ են կատարում իրենց ուսանողական պարտավորությունները։ Ինչ վերաբերում է այս 8 հոգուն, շատ ներողամտորեն, որովհետև այս 8 հոգու հետ այդքան էլ ազնիվ աշխատանք չի տարվել ամիսներ շարունակ»։
Այնուամենայնիվ, նա վստահ էր, որ ուսխորհրդի հետ հնարավոր կլինի նորմալ աշխատել։
ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի այս խոսքերը 168.am-ը խնդրեց մեկնաբանել ԵՊՀ ուսխորհդի նախագահ Դավիթ Ափոյանին։
«Իմ կարծիքով՝ նա ինքը պետք է մեկնաբանի՝ անազնիվ աշխատանք կոչվածը որն է։ Ո՞վ է մեզ հետ աշխատանք տանում։ Մեզ հետ աշխատանք տարել են մեր դասախոսները, մեր կրթության կազմակերպիչները. Մեր մայր բուհն է մեզ հետ աշխատանք տարել, երբ որ մեր ազատ կարծիքն ու ազատ խոսքն է ձևավորել։ Մենք այն կազմը չենք, ում հետ որ պետք է աշխատանք տարվի»,- ասաց դավիթ Ափոյանը։
168.am-ի այն հարցին, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա աշխատանքը, վերջինս նկատեց, որ իր համար տարբերություն չկա, թե ով կլինի ռեկտորը, և ինքն իր խոսքում էլ է նշել, որ իր համար տարբերություն չկա, թե ով է լինելու ռեկտոր։
«Մենք ուսանող ենք, մենք մեր պահանջները շարունակելու ենք ներկայացնել։ Մենք շարունակելու ենք զբաղվել մեր իրավունքների ու շահերի պաշտպանության գործով, և չեմ կարծում, թե ռեկտորի փոփոխությունը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ, իհարկե, եթե այլ ուղղորդված, նպատակային քայլեր չձեռնարկվեն»,- ասաց ուսխորհրդի նախագահը։
Վերջում Դավիթ Ափոյանը նշեց, որ ուսխորհուրդը թուլացնելու նպատակով միշտ էլ փորձել են նման խոսակցություններ տարածել, տարբեր քաղաքական ուժերի հետ իրենց կապել, և միգուցե հերթական օդից կախված խոսակցությունների հիման վրա է այդ կարծիքը ձևավորվում, բայց ուսխորհուրդը միշտ էլ ցույց է տվել, որ նման բաներ չկան ու չեն լինելու, քանի դեռ իրենց թիմն է ուսխորհրդում։