Փաշինյանը հաստատեց՝ Արամ Սիմոնյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների
Այսօր հրավիրված Կառավարության արտահերթ նիստի ժամանակ, քննարկելով օրակարգային 5-րդ հարցը՝ «ՀՀ Կառավարության 27.12.2018թ 15-15-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման մասին նախագիծը», որի զեկուցողը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մարզադպրոցների, մարզական կառույցների ու կազմակերպությունների խնդիրներին՝ անդրադարձավ նաև կրթական հիմնախնդիրների առհասարակ։
Նա նախ նշեց, որ կրթական բնագավառում շատ որոշումներ ուղղակիորեն կապված են եղել քաղաքական գործընթացների հետ՝ դրանով թերևս բացատրելով նաև, օրինակ, կրթական հաստատությունների մի մասի համայնքապատկան լինելը, մյուսի էլ՝ ԿԳՆ-ին ենթարկվելը, ու կարևորեց այդ տրամաբանությունից դուրս գալը։
«Նախ պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգ։ Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա։ Օրինակ, այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։
Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի։ Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենանք»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ թեմային անդրադառնալիս վարչապետն ակնհայտ զայրացել է։ Դե, բնական է։ Տհաճ թեմայի մասին էր խոսում։ 21-րդ դարում կուսակցականացված բուհը ո՞րն է… Բայց կա մի բայց… Վարչապետը կամ տեղյակ չէ, կամ նրան, ինչպես միշտ, սխալ են զեկուցել։
Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանի շատ սիրած նոր Հայաստանում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Անձի դեմ ոչինչ չունենք, միգուցե և շատ խելացի երիտասարդ է, և նրա ղեկավարման օրոք բուհը աներևակայելի բարձունքների կհասնի, բայց փաստ է, որ ռեկտոր է դարձել իրենց քաղաքական թիմի անդամը։
Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ է նշանակվել նոր իշխանությունների վարած քաղաքական գծի ջատագով ու պրոպագանդող, լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Երևանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ է նշանակվել իշխանական ՔՊ-ամերձ շրջանակները ներկայացնող Դավիթ Գյուրջինյանը։
Ի՞նչ են սրանք, եթե ոչ՝ կուսակցական նշանակումներ։
Ինչևէ, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քաղաքական որոշումն արդեն կայացված է։ Եվ եթե վարչապետի շուրթերից նման արտահայտություն է հնչում, ուրեմն արդեն այլևս կարևոր չէ ոչ մի այլ բան, ոչ մի ապաքաղաքականացման մասին հայտարարություն։ Մի անգամ էլ կրկնեք։ Որոշ ռեկտորների՝ աշխատանքից հեռացման քաղաքական որոշումն արդեն կայացված է։ Այս արտահայտությամբ բուհերն արդեն քաղաքականացվում են, և մնացած ամեն բան արդեն երկրորդական է։
Սա ակնհայտորեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ականջների համար արված արտահայտություն էր, և սրանով հաստատվում է այն իրողությունը, որ վերջինս փաստորեն ենթարկվում է քաղաքական հետապնդումների, և այս համատեքստում պետք է դիտարկել և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ստուգումներն ու հայտարարությունները, և «Ռեստարտ» խմբի գործողությունները։
Դե, ինչ… կարող ենք ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին շնորհավորել… Նրա երազանքը կարծես թե մոտ է իրականություն դառնալուն, չէ՞ որ քաղաքական որոշումն արդեն կայացված է, և մեկ շաբաթ այս կողմ, մեկ շաբաթ այն կողմ՝ ԵՊՀ ռեկտորի աթոռը կազատվի։