«Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար և էդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին». Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գոհունակություն հայտնեց դպրոցներում դրամահավաքի բացակայության մասին: Նա հերքեց, որ նախարարությունում քննարկվում է սեպտեմբերից դպրոցներում նոր առարկա՝ հանդուրժողականություն, դասավանդելու մտադրության մասին:
«Նման թեմա չի քննարկվում»,- ասաց Ա.Հարությունյանը:
Անդրադառնալով ԵՊՀ-ի նոր ռեկտորի ընտրությանը, որի պաշտոնում որպես թեկնածու շրջանառվում է Գեղամ Գևորգյանի անունը, նախարարը նշեց, որ այսօր խորհրդի նիստ է համալսարանում, կորոշվի:
Հեռանալուց առաջ Արամ Սիմոնյանի հայտարարությանն վերաբերյալ Ա.Հարությունյանը նշեց, որ ինքը Սիմոնյանին կոչ է արել պարզապես արժանապատիվ հեռանալ.
«Ես մեկնաբանությունները տվել եմ, որ ԵՊՀ 100-ամյակի հիմնական միջոցառումները պետք է լինեին աշնանը։ Ես Արամ Սիմոնյանի հետ անցած տարի էի քննարկել ժամկետները, թե պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենա, հիմնական միջոցառումները, շնորհավորանքները աշնանը պետք է լինեին։ Իսկ մայիսի 16-ին ԵՊՀ հիմնելու 100-ամյակի օրը ես ինքս ուղերձ հղել եմ։ Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում»։
«Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար և էդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»,- հավելեց Ա.Հարությունյանը: