
Փոխնախարար Բադալյանը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարների բողոքի ակցիայի և Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը փակելու մասին

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության հիմնական կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության և ՀՀ կառավարության միջև արդեն երկարատև ժամանակ է անհամաձայնություններ կան, շինարարական աշխատանքները դադարեցված են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը՝ անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարների բողոքի ակցիային և Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը փակելուն:
Աշխատողները պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը։
Փոխնախարարը նշեց, որ կառավարությունն իր ֆինանսական պարտավորությունները «Կորսանի» նկատմամբ կատարել է, սակայն կապալառուն չի վճարել ենթակապալառու ընկերություններին:
«Իսպանական կազմակերպությունն ունի ֆինանսական դժվարություններ, գտնվում է սնանկության գործընթացի մեջ: Այն սկսվել է երկու տարի առաջ, անցած տարի իրենք աշխատանք արել են, մենք վճարել ենք: Այս պահին մի քանի կետով է անհամաձայնություն՝ ժամկետների երկարաձգում իրենց կողմից, Տրանշ 1-ով Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածների պահված գումարի հետվերադարձը և վերջին կատարողականի վճարումը»,- ասաց Բ. Բադալյանը՝ հավելելով, որ նոր կապալառուի ներգրավումը կախված է «Կորսանի» հետ բանակցություններից, քանի որ իսպանական ընկերության հետ պայմանագիրը խզելու դեպքում նախագծի ավարտը կհետաձգվի, քանի որ արբիտրաժի և նոր կազմակերպության ներգրավման համար տարիներ կպահանջվեն: