Ինչու Դոնալդ Թրամփը չի շնորհավորել Մայիսի 28-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանին ու Վրաստանին՝ նրանց Հանրապետության օրվա կապակցությամբ, սակայն Հայաստանը Մայիսի 28-ի կապակցությամբ նման ուղերձ չի  ստացել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նկատելով, որ նախկինում տարբեր տարիների տարբեր է եղել՝ Մայիսի 28-ին ԱՄՆ-ը թե՛շնորհավորել է, թե՛ չի շնորհավորել։

«Մենք որևէ շնորհավորական չենք ստացել, և սա երկրորդ տարին է անընդմեջ, որ այսպես է լինում։ Շատերը հիմնավորում են, որ Ադրբեջանի ու Վրաստանի ազգային տոնը սա է, իսկ մեզ մոտ սեպտեմբերի 21-ն է, դրա համար մեզ շնորհավորում են սեպտեմբերի 21-ին, իսկ Վրաստանին ու Ադրբեջանին՝ մայիսին՝ որպես ազգային օր։ Բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետև Բարաք Օբաման բազմիցս Ադրբեջանի նախագահին շնորհավորել է նաև Խորհրդային Միությունից անկախանալու օրվա կապակցությամբ, տարբեր շնորհավորականներ եղել են նաև Վրաստանին՝ Խորհրդային Միությունից անկախացման համար։ Այսինքն՝ իրենց երկու տոնն էլ շնորհավորում են, իսկ մեզ շնորհավորում են միայն Խորհրդային Միությունից անկախանալու օրը»,- ասաց Ս.Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ սրա բացատրությունն այն է, որ վերջերս Հայաստանն ամերիկյան կողմի հետ ակտիվ չի աշխատում. «Հավանաբար պատճառը հենց դա է։ Իսկ վրացիներն ու ադրբեջանցիներն ավելի ակտիվ են աշխատում։ Բացի դա, կարծում եմ, նաև պետք է ակտիվ աշխատել ԱՄՆ Անվտանգության խորհրդի հետ, քանի որ նման տեքստերի հեղինակը հենց Անվտանգության խորհուրդն է լինում»։

Տեսանյութեր

Լրահոս