Կառավարությունը ոչ թե պետք է ոգևորվի, այլ մտահոգվի. Ինչի՞ հաշվին է եղել տնտեսական աճը

Այս տարվա առաջին եռամսյակում վիճակագրական կոմիտեն Հայաստանում արձանագրել է 7,1 տոկոս տնտեսական աճ։ Խոսքը նախնական գնահատականի մասին է, բայց պետք է ենթադրել, որ հետագայում այն էական փոփոխության չի ենթարկվի։ Սովորաբար այդպես է լինում։

Արձանագրված 7,1 տոկոս աճը, անշուշտ, վատ ցուցանիշ չէ, ոչինչ, որ այն զիջում է նախորդ տարվա մակարդակը։

Հիշեցնենք, որ 2018թ. առաջին եռամսյակում, երբ Հայաստանում դեռևս իշխանափոխություն չէր եղել, տնտեսական աճը կազմեց 9,6 տոկոս։ Իշխանափոխությունից հետո այն աստիճանաբար նվազեց և արդեն տարվա արդյունքներով կազմեց 5,2 տոկոս։

Վիճակագրության ցուցանիշներով՝ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպը վերստին ավելացել է։ Թեև իրական կյանքում, այդ թվում` տնտեսության մեջ, ակտիվություն չի նկատվում։

Խոսքն այն մասին չէ, որ տնտեսական աճի արդյունքները հասարակությունը պետք է միանգամից զգա։ Հասկանալի է, որ երեք ամիսը շատ կարճ ժամանակահատված է դրա համար։ Խնդիրն իրական զարգացումների մասին է, որոնք տեսանելի չեն։ Ինչ-ինչ պատճառով այսօր գուցե և ցուցանիշներն աճում են, ունենք վիճակագրական աճ, բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է դա լուրջ ձեռքբերում համարել։

Տնտեսության որակական աճ Հայաստանում չկա։ Մեծ ճիգեր պետք չեն դրանում համոզվելու համար։ Բայց մինչ այդ՝ ևս մեկ դիտարկում. առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական աճը նույնիսկ գերազանցել է տնտեսական ակտիվությանը։ Ինչպես հայտնի է՝ տարեսկզբի երեք ամիսներին պաշտոնական վիճակագրությունը հայտարարել էր Հայաստանում ընդամենը 6,5 տոկոս տնտեսական ակտիվության մասին։

Ու հիմա պարզվում է՝ այդ նույն ժամանակահատվածում տնտեսական աճը կազմել է 7,1 տոկոս։ Նախկինում սովորաբար հակառակն էր` տնտեսական ակտիվությունն ավելի բարձր էր լինում, քան տնտեսական աճը։

Ինչևէ, տնտեսական աճի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակումը կարծես թե շատ է ոգևորել վարչապետին։ Նա հույս ունի, որ այս տեմպով գնալու դեպքում` շուտով հնարավոր կլինի նաև վիճակագրորեն հայտարարել տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։

«Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված համախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած»,- ասում է վարչապետը։

Կհաջողվի՞  Նիկոլ Փաշինյանին տնտեսական հեղափոխությունը հիմնավորել նաև վիճակագրորեն, թե՞ ոչ, այնքան էլ էական չէ։ Փաստն այն է, որ արձանագրված 7,1 տոկոս տնտեսական աճն իրականում որևէ ոգևորության հիմք չի տալիս։ Ընդհակառակը՝ դրանից ավելի շատ պետք է մտահոգվել, քան թե ոգևորվել։

Համոզվելու համար հարկավոր է մի թեթև հայացք ձգել տնտեսական աճի կառուցվածքին։ Պատկերն իսկապես անմխթար է և մտահոգիչ։ ՀՆԱ-ի հավելաճին նպաստել են հիմնականում առևտուրը ու ծառայությունները. 7,1 տոկոսից 6 տոկոսն այս երկու ոլորտների հաշվին է։ Այսինքն` հավելաճի գրեթե 90 տոկոսը բաժին է ընկել առևտրին և ծառայություններին։

Կասկած չկա, որ դրա մեջ զգալի է նաև թաքնված շրջանառությունների բացահայտման դերը։ Պատահական չէ, որ անգամ առևտրի և ծառայությունների ոլորտներում, որտեղ վիճակագիրները բավական բարձր աճեր են գրանցում, իրական տեղաշարժերը շատ թույլ են, եթե նույնիսկ կան։ Դրանում դժվար չէ համոզվել անգամ անզեն աչքով. ներքին սպառման պահանջարկն այնպիսին չէ, ինչպիսին երևում է առևտրի և ծառայությունների վիճակագրական աճերում։ Այն, ինչ ունենք այս ոլորտներում,  ժամանակավոր դրսևորումներ են։ Եթե առաջիկայում չհաջողվի մեծացնել իրական սպառումը, ապա շուտով այս աճերն էլ կդադարեն։

Որպեսզի պատկերն ամբողջանա` ներկայացնենք, թե մյուս ոլորտներն ինչքանո՞վ են օժանդակել 7,1 տոկոս տնտեսական աճի արձանագրմանը։

Այսպես` ի  տարբերություն առևտրի և ծառայությունների, արդյունաբերությունը` ներառյալ նաև էներգետիկան, տնտեսական աճին նպաստել է ընդամենը 0,1 տոկոսով։ Գյուղատնտեսությունն ունեցել է զրո մասնակցություն։ Շինարարության ոլորտի դերը ՀՆԱ հավելաճի գործում եղել է 0,3 տոկոս։

Ահա սա է տնտեսական աճի պատկերը։ Մինչ տնտեսության իրական հատվածում զարգացումները չափազանց ցածր են կամ գրեթե չկան, աճը հիմնված է առևտրի և ծառայությունների վրա։ Այսպես թե ո՞ւր է գնում տնտեսությունը, հայտնի չէ։

Մի բան միանշանակ է, որ առևտրի և ծառայություններ վրա տնտեսություն չեն կառուցում։ Այդ աճը երկար չի դիմանա։ Կառավարությունն ի վերջո պետք է գիտակցի, որ Հայաստանին անհրաժեշտ է երկարաժամկետ աճ, առանց  որի անհնարին է լինելու լուծել երկրում կուտակված խնդիրները։ Առկա անորակ աճով հպարտանալու փոխարեն՝ հարկավոր է քայլեր ձեռնարկել տնտեսության իրական հատվածում խթաներ ստեղծելու համար։ Մեկ տարի պահանջվեց, որպեսզի կառավարությունը հասկանա այս պարզ ճշմարտությունը։

«Տնտեսագետները մեզ խորհուրդ են տալիս, և քաղաքական թիմից, կառավարության ներկայացուցիչներից շատերի կարծիքն այն է, որ պետք է փորձել աշխատել այս գումարները ծախսել այնպիսի ուղղություններով, որոնք կխթանեն հետագա տնտեսական աճը: Որպես առաջնային այդպիսի ուղղություն՝ ընկալվում են կապիտալ ծախսերը, տնտեսությունը խթանող և այս ուղղության ու բովանդակության ծախսերը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Մնում է հուսալ, որ այդպես կլինի։ Թե չէ, այն աճը, որն այսօր կա կամ արձանագրվում է Հայաստանում, դժվար է մեծ ձեռքբերում համարել։ Այդպիսի, անգամ՝ երկնիշ աճով, հեռուն չենք գնա, ոչ էլ հասարակության վիճակը կլավանա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս