
«Մենք առաջարկում ենք «Ազգ-բանակ» հայեցակարգը փոխվի «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի»

«Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ամենավտանգավոր միտումներից մեկը տեխնոլոգիական աճն է ամբողջ աշխարհում: ՀՀ-ի համար 4.0 արդյունաբերության կոնցեպտը մարտահրավերից կարող է վերածվել թռիչքային զարգացման հարթակի»,- այսօր ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՀՊՄՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ հետազոտող-վերլուծաբան Գայանե Հարությունյանը:
Ըստ նրա՝ նոր արտադրական ճյուղերում նոր աշխատատեղերը պետք է ավելի արագ ստեղծվեն, քան սպասարկման ոլոտում. «Աշխարհը թևակոխել է նորարական սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի: Հայաստանում տնտեսական վերափոխումների նոր ալիքի մեջ կարևոր տեղ ունի ռազմարդյունաբերությունը»:
Գ.Հարությունյանի խոսքով՝ բանակում մարդկանց թվի աճը նպաստում է մարդկային կապիտալի սպառմանը, և ՀՀ-ն մոտ ապագայում պարզ աշխատուժ կորցնելու վտանգի առաջ է: Տնտեսագետի խոսքով՝ ռազմական ծախսերը խթանիչ ազդեցություն կարող են ունենալ այն դեպքում, երբ այդ ծախսերի մի մասը վերադառնում է տնտեսություն՝ սպառման միջոցով:
«Մենք առաջարկում ենք «Ազգ-բանակ» հայեցակարգը փոխվի «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի, որ ազգը լծված լինի բանակաշինության գործին՝ տնտեսության միջոցով, օրինակ՝ առաջնագծի ռոբոտացում, ինֆորմացիայի փոխանակության ու վերլուծության ժամանակ ամպային տեխնոլոգիաների կիրառում, բարձր մարտական տեխնոլոգիական համազգեստներ և այլն:
Ռազմարդյունաբերության զարգացումը կարող է նպաստել նաև հարակից ոլորտների զարգացմանը»,- ասաց Գ.Հարությունյանը՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ՝ ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը նորարական միտումներին համապատասխանեցնել, կրթության որակի ճիշտ չափորոշիչներ սահմանել՝ կիսագրագետ դիպլոմավորների թիվը կրճատելու համար, ռոբոտաշինությունը դարձնել պարտադիր առարկա, մեծացնել բուհերում ֆիզմաթ ուղղությամբ պետպատվերի տեղերի քանակը և այլն: