«Եթե պետք է առաջնորդվեն ժողովրդի ցանկությամբ՝ թող լուծարեն դատական համակարգը, նշանակեն ժողովրդական տրիբունաներ». Քաղտեխնոլոգ

«Որպեսզի իմանանք՝ դատարանների դռները փակելու ակցիան ժողովրդի ցանկությո՞ւնն է, թե՞ ոչ, պետք է հարցնեմ՝ կա՞ն սոցիոլոգիական հարցումներ։ Շատ եմ լսում, թե սա ժողովրդի ցանկությունն է, որ երկրորդ նախագահն անպայման պետք է լինի կալանքի տակ։ Բայց կա՞ն սոցիոլոգիական հարցումներ, թե սա հասարակության որ մասի ցանկությունն է՝ հարցումներ չունեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատարանների մուտքերը փակելու կամքն ու ցանկությունը ժողովրդինն է եղել, որոնք չեն վստահում դատական համակարգին։

Ըստ նրա, եթե անգամ ժողովրդի 99 տոկոսը նման ցանկություն ունի, ապա պետք է գիտակցեն, որ սա ժողովրդական դատավարություն ու հեղափոխական տրիբունալ չէ։

Քաղտեխնոլոգի խոսքով, եթե պետք է առաջնորդվեն ժողովրդի ցանկությամբ, ապա թող լուծարեն դատական համակարգը, նշանակեն ժողովրդական տրիբունաներ, ընդգրկեն այնպիսի մարդկանց, որոնք կարող են նաև իրավաբաններ չլինել, որոնք էլ ժողովրդի հանրաքվեով որոշումներ կկայացնեն։

«Նախորդ տարի Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների նախագահները հրաժարական են տվել, ուրիշ մարդիկ են եկել, փաստորեն ստացվում է, որ նրանք էլ չեն բավարարում։ Այսինքն՝ պետք է «Իմ քայլի» անդամնե՞րը դառնան դատավորներ, Խորհրդային Միության ժամանակ այդպես էր՝ բոլոր դատավորները Կումունիստական կուսակցության անդամներ էին, հիմա այդ սկզբունքո՞վ պետք է առաջնորդվեն։ Մի քիչ աբսուրդային իրավիճակ է»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Նա նաև հավելեց, որ այս ամենից շահեց միայն Ռոբերտ Քոչարյանը, որը կարող է դատարանի որոշումը և վարչապետի ելույթն ուղարկել ՄԻԵԴ, և հասկանալի է արդեն, թե այնտեղից ինչ որոշում կարող է գալ։

«Երկրորդ նախագահին արհեստականորեն դարձնում են քաղաքական բանտարկյալ և ընդդիմության առաջնորդ, մի բան, որը պետք էր հատուկ մտածել»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կոչի հետ կապված՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արձագանքին, Արմեն Բադալյանը նկատեց՝ նախագահի արձագանքը բավականին չեզոք էր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս