Ինչի՞ց է անհանգիստ կառավարությունը

Գործադիրը հակված չէ օր առաջ կիրառել Հարկային օրենսգրքի փոփոխությունները  

Չնայած Հարկային օրենսգրքի շուրջ դեռևս իշխանափոխության առաջին օրերին ձևավորած սպասումներին, այնուհանդերձ կառավարությունը կարծես պատրաստ չէ օր առաջ գործողության մեջ դնել օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։

Պատահական չէ, որ տարին կիսվում է, բայց ժամանակին այդքան կարևորվող փաստաթուղթը խորհրդարանում դեռևս նախնական քննարկումների փուլում է։

Քաղաքական իշխանության այդ վարքագիծը, անշուշտ, ունի իր պատճառները։ Բացի այն, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված՝ ակնկալվող տնտեսական արդյունքները խիստ մշուշոտ են, խնդիրներ են առաջանում նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով։ Մինչ ստվերային տնտեսությանը հայտարարված անհաշտ պայքարը ցանկալի արդյունք չի տալիս` ռիսկային է համարվում բյուջեի մուտքերի եղած ռեսուրսն էլ փոշիացնելը։

Նման մտավախության համար, անշուշտ, հիմքեր կան։ Օրենսգրքի փոփոխություններն ընդունելու դեպքում մի շարք ուղղություններով բյուջեն բավական մեծ կորուստներ կունենա։ Ու չնայած փնտրտուքին, կառավարությունը չի կարողանում գտնել դրանք փոխհատուցելու աղբյուրներ։ Որտեղից փորձում են հավելյալ գումարներ հայթայթել, նոր խնդիրներ են ի հայտ գալիս։ Ու հիմա կառավարությունը մի տեսակ անորոշության մեջ է։

Հարկային օրենսգրքի փոփոխություններից ամենածանր հարվածը կստանա եկամտային հարկը։ Այն դեպքում, երբ այնքան էլ պարզ չէ դրա արդյունքը. Փոխարենը՝ մտածելու հասարակության անապահով խավի եկամուտներն ավելացնելու մասին, այս քայլով կառավարությունը լավություն է անում է համեմատաբար ապահով հատվածին։

Ինչպես հայտնի է, նախատեսվում է անցում կատարել եկամտային հարկի միասնական սանդղակին, որի հետևանքով բյուջեի կորուստները գնահատվում են շուրջ 27 մլրդ դրամի չափով։ Դրանք կառաջանան բարձր դրույքաչափով հարկվող աշխատավարձերի հարկային բեռը նվազեցնելու արդյունքում։ Բյուջեի փոխարեն՝ այդ գումարները կմնան բարձր աշխատավարձ ստացողների տնօրինության տակ։

Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ շահութահարկի կորուստները կկազմեն շուրջ 11 մլրդ դրամ։

Դրան գրեթե համարժեք է գնահատվում նաև շրջանառության հարկի շեմի բարձրացման բացասական հետևանքը բյուջեի վրա, թեև այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է կառավարությունը հանգել այդպիսի եզրակացության։

Շրջհարկի գործող 58,3 մլն դրամ շեմը կիրառության մեջ է այս տարվա հունվարի 1-ից։ Նախկինում այն 115 մլն դրամ էր։ Ու հիմա, երբ կառավարությունը որոշել է վերականգնել նախկին շեմը, թվում է, թե դրա հետևանքով բյուջեն կորուստներ չպետք է ունենար։ Բայց կառավարությունն այդպես չի մտածում։

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկի շեմը վերականգնել միայն նրանց համար, ովքեր նախքան օրենքն ուժի մեջ մտնելը չեն անցել շրջանառության 58,35 մլն դրամը։

Չնայած առաջարկվում է օրենքին տալ հետադարձ կիրառում, այնուհանդերձ մինչև գործողության մեջ մտնելը դա կլինի լուրջ փորձություն այդ դաշտում գործողների համար։ Ու եթե նրանք մտադիր են հետագայում ևս շարունակել աշխատել շրջհարկով, ապա պետք է ամեն ինչ անեն, որպեսզի շրջանառությունները դուրս չթողնեն 58,3 մլն դրամի սահմանագծից։ Այլապես կզրկվեն համեմատաբար արտոնյալ պայմաններով գործունեություն իրականացնելու հնարավորությունից։

Այս հանգամանքը տարեսկզբից լուրջ խնդիր է դարձել շրջհարկով աշխատող ընկերությունների համար։ Նրանք մի կողմից՝ հակված չեն հետագայում հրաժարվել այդ հարկի դաշտում գործելուց, բայց մյուս կողմից` շրջանառություններն ամբողջությամբ բացահայտելու դեպքում հայտնվում են նման ռիսկի տակ։

Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց այս ակնհայտ խնդիրը կարգավորելուն միտված օրենսդրական նախաձեռնությունը, որը եկավ խորհրդարանից, կառավարությունը որոշեց մերժեց` համարելով, որ նպատակահարմար չէ հարկային օրենսգրքի փոփոխություններից որոշ դետալներ հանել և առանձին ընդունել։ Ու թեև դրանով ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը փորձում էր պայմաններ ստեղծել շրջհարկի դաշտում գործող կազմակերպությունների շրջանում առկա մտահոգությունները փարատելու համար, ոչինչ չստացվեց։

Չստացվեց, որովհետև նախաձեռնությունը կառավարության սրտով չէր։ Պատճառներից մեկն էլ ըստ էության այն էր, որ դա կարող է բացասաբար ազդել բյուջեի մուտքերի վրա։

Պարզ է, որ ինչքան երկար ձգվի այս պրոցեսը, այնքան շատ կազմակերպություններ կհաղթահարեն շրջհարկի 58,3 մլն դրամ շեմը։ Դրանց շատ լինելը կառավարության օգուտն է։ Օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո նրանք կգործեն ոչ թե շրջհարկի, այլ ավելացված արժեքի հարկի դաշտում` ստիպված լինելով ավելի շատ գումարներ վճարել պետական բյուջե։ Ոչինչ, որ դրանից կտուժի նրանց գործունեությունը։

Մինչ Հարկային օրենսգրքի փոփոխություններով, ըստ գնահատումների, բյուջեն մի քանի տասնյակ միլիարդի կորուստ կկրի, դեռևս անորոշ է այլ աղբյուրներից դրանց փոխհատուցման հավանականությունը։ Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է այդ նպատակով բարձրացնել մի շարք ապրանքների ակցիզային հարկի բեռը և բյուջեի կորուստները վերադարձնել սպառողների գրպանի հաշվին։

Նշենք, որ ժամանակին ճիշտ նույն կերպ վարվում էր նախորդ իշխանությունը։ Ու ինչքան էլ հարկի բեռի ավելացումը բերելու է ենթաակցիզային ապրանքների թանկացման` կառավարության հույսը հիմնականում դա է։

Չնայած դեռ հարց է, թե բեռի ծանրացումը որքանով կնպաստի բյուջեի եկամուտների ավելացմանը։ Դա, ուզած թե չուզած, բերելու է սպառման ծավալների կրճատմանը` ազդելով նաև ակնկալվող մուտքերի վրա։

Հավանաբար հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վերստին ակտիվացել են պրոգրեսիվ գյուքահարկի կիրառման վերաբերյալ խոսակցությունները։ Թեև դեռ հայտնի չէ, թե դա երբ կարող է լինել։ Պրոգրեսիվ գույքահարկի ներդրումը կապված է մի շարք խնդիրների հետ, որոնց լուծում տալը ոչ միայն բարդ է, այլև ժամանակատար։ Խոսքը, մասնավորապես, անշարժ գույքի գույքագրման, անհրաժեշտ բազայի ստեղծման և գնահատման չափանիշերի սահմանման մասին է։

Ինչպես հայտնի է, ժամանակին նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Բայց այն չհասցրեց սկսել պրոգրեսիվ գույքահարկի ներդրման գործընթացը, թեև այդ ուղղությամբ բավական աշխատանքներ կարծես կատարվեցին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս