«Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ` լրջանալու պահն է»․ Էդուարդ Շարմազանով
Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ: Լրջանալու պահն է: Անկախ կուսակցական և քաղաքական տարաձայնություններից պետք է գիտակցել, որ սա կլինի պետության վախճանը։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Հայաստանի դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։
«Նիկոլի դիկտատուրան կամ պետության վախճանը
1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ Հայաստանում ժողովրդավարության և բազմակարծության ժամանակաշրջանի սկիզբ դրվեց:
Վերջին 30 տարվա պատմության ընթացքում մեր երկիրն անցել է բազում դժվարությունների միջով, բայց ժողովրդավարության ու իշխանությունների տարանջատման սկզբունքը եղել է անքակտելի:
Նիկոլի ամբոխավարական հեղաշրջումը և նրա՝ վարչապետի պաշտոնին հայտնվելը, Հայաստանում սկիզբ դրեցին ուղիղ ճանապարհ դեպի դիկտատուրան:
Նիկոլը շանտաժով դարձավ վարչապետ, հետո սպառնալիքով ու շանտաժով ցրեց օրենսդիր մարմինը:
Այսօր կատարյալ բռնակալ դառնալու համար նրան պետք է ցրել դատական իշխանությանը:
Սա ոչ թե դիկտատուրա է, այլ ուղիղ ճանապարհ դեպի բացարձակ ավտորիտարիզմ:
Լրջանալու պահն է: Անկախ կուսակցական և քաղաքական տարաձայնություններից պետք է գիտակցել, որ սա կլինի պետության վախճանը:
Հ.Գ.
Բոլոր նրանց, ովքեր ժողովրդի մի հատվածի հաղթանակն են ակնկալում մեկ այլ հատվածի նկատմամբ, ասեմ, որ սեփական երկրում հաղթանակներ չեն լինում:
Հաղթանակ է շատ ուզում գրանցել Նիկոլը՝ թող տնտեսությունը զարգացնի, աղքատությունը կրճատի, աշխատատեղեր բացի, անկապ բադ ու խորոված քիչ ցուցադրաբար ճաշակի և, վերջապես, դադարեցնի արտագաղթը, որը իր կառավարման օրոք 7800 անձով ավելացել է»,- ասված է նրա գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»։ Նշենք, որ այս մասին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան չորրորդ գրառումն է արել, մինչ այդ նա գրել էր, որ վաղը կհայտարարի հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը, ավելի վաղ խոստացել էր, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ՝ «դատաիրավական համակարգում ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»։ Սրան էլ նախորդել էր մեկ այլ գրառում՝ «Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարեւորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա»։