«Ցանկացած այց ԱՄՆ՝ պետք է օգտակար լինի, ոչ թե զբոսաշրջիկի նման գնան-ման գան՝ ԱԽՔ քարտուղարի նման». Միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մայիսի 16-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ։ Տասնյակ զանգեր եմ ստացել լրագրողներից՝ մեկնաբանելու խնդրանքով։ Չէի մեկնաբանում, քանի որ սպասում էի ԱԽ կողմից լուրը հերքելուն կամ հաստատելուն։

Հերքում չեղավ։ Հպարտանում և պարծենում եմ մեր ԱԽՔ-ով։ Նա կլինի նախագահ Տեր-Պետրոսյանից հետո առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով կհանդիպի ЦРУ-ի ղեկավարի հետ՝ 1994 թվականից ի վեր։ Անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Այցին կանդրադառնամ։ Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հեղափոխության վերաբերյալ շնորհանդեսներ անել Մարշալ Ֆոնդի տիպի հաստատություններում, այլ ոչ թե պաշտոնյաների մոտ, որ հետո չասեն՝ «կարևոր հարցեր առաջ քաշելու ու քննարկելու փոխարեն՝ ԱԽ-ում հեղափոխության մասին շնորհանդես էր անում, կարծես մեզ դա շատ հետաքրքիր էր»։

«Այդպիսի հանդիպում չի լինելու, կարծում եմ՝ իմ սարկազմը  քչերն են հասկացել: Նման հանդիպում չի կարող լինել մի շարք պատճառներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետը:

«Ամերիկյան ուղղությամբ շարունակական աշխատանք է պետք տանել, որովհետև բազմիցս նշել եմ, որ բարձր մակարդակի հանդիպումներ ընդհանրապես չկան: Թրամփը չի հանդիպել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Փաշինյանին, պետքարտուղարները չեն հանդիպել արտաքին գործերի նախարարներին,  պաշտպանության  քարտուղարը չի հանդիպել պաշտպանության նախարարին: Եթե համեմատություն կատարենք, ապա կտեսնենք, որ Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները համատեղ հանդիպել են  ԱՄՆ պետքարտուղարի և պաշտպանության քարտուղարի հետ՝ մեկ տարի առաջ:

Իհարկե, վերջերս  Հայաստանում ամերիկյան պատվիրակության հետ ստորագրվեց ռազմավարական երկխոսության վերաբերյալ համաձայնագիր: ԱՄՆ-ը Անվտանգության հարցերով  նախագահի խորհրդականի  մակարդակով հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ունեն, իսկ Հայաստանը բարձր առաջնահերթություն ունեցող պետություն է: Սա նշանակում է, որ հստակ դիրքորոշում կա տարածաշրջանի նկատմամբ:

Աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, պետք է ակտիվ և հետևողական աշխատել նրանց հետ, և ցանկացած այցելություն ԱՄՆ՝ անպայման պետք է օգտակար լինի, ոչ թե զբոսաշրջիկի նման գնալ-ման գալ, ինչպես Անվտանգության խորհրդի քարտուղարն է անում: 10-օրյա այց է, բայց որևէ լուրջ հանդիպում չի ունեցել: Հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրաի հետ։ Չգիտեմ, թե ի՞նչ են քննարկել: Ամեն դեպքում լուրջ հադիպումներ են պետք և լուրջ մակարդակի շփումներ»,- նկատեց Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը չափազանց պրագմատիկ մարդ է, և ԱՄՆ կառավարությունը գնում է պրագմատիկ աշխատանքի ճանապարհով:

«ԱՄՆ նախագահի համար համագործակցության մեջ փողը շատ կարևոր է: Նա բիզնես մտածելակերպ ունեցող մարդ է, ասում է՝ լավ, եթե ինձնից ինչ-որ բան եք ուզում, դրա դիմաց ի՞նչ եք ինձ տալու: Ի՞նչ կարող է Հայաստանը տալ: Վերջին 27 տարիների ընթացքում, ինչպես ԱՄՆ դեսպանն իր խոսքում նշեց,  2 միլիարդի ֆինանսական աջակցություն է ԱՄՆ-ից եկել: Նա չխոսեց երկրաշարժից հետո ցուցաբերած օգնության մասին: Այն մարդասիրական էր, բայց միլիարդի հասել է:

ԱՄՆ-ի և Հայաստանի առևտրային հարաբերությունները խայտառակ վիճակում են: 170-րդ բիզնես գործընկերն ենք՝ 193 պետությունների շարքում»,- հավելեց միջազգայնագետը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս