«Հայաստանը տնտեսական առումով հետ կգնա,  եթե բաց թողնենք Չինաստանի գլոբալ նախագիծը». միջազգայնագետ

«Աշխարհում Չինաստանի դերն այսօր բացառիկ է, այն դարձել է  գլոբալ գերտերություն՝ թե՛ տնտեսական, թե՛  քաղաքական ազդեցության առումով, և Հայաստանը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի ներգրավվածություն ունենա Չինաստանի այս կամ այն գլոբալ նախագծերում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Հայ-չինական քաղաքական հարաբերությունները մշտապես շատ բարձր մակարդակի վրա են գտնվել, ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ պաշտոնական այցով եղել են Չինաստանում, հանդիպել ղեկավարներին: Հայաստանի և Չինաստանի քաղաքական օրակարգերում չկան այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ դիրքորոշումների հակասություն կա: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում ունի Արցախի խնդրի վերաբերյալ, Հայաստանն էլ մշտապես ճանաչել է Չինաստանի տարածքային ամբողջականությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Չինաստանի նախագահի հետ, այնպես որ, կարծում եմ, տենդենցը կարելի է պահել: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պետք է անպայման համեմել տնտեսական ակտիվությամբ:  Նախկինում Չինաստանը բազմիցս օժանդակել է Հայաստանին՝  տարբեր ծրագրերի, գրանտների միջոցով: Հիմա չունեմ տեղեկություն, թե արդյո՞ք նոր գրանտի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվել է, թե՞ ոչ»,- մանրամասնեց Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետն առանձնացրեց մի քանի ուղղություններ, որոնց շուրջ հնարավոր է համագործակցել:

««Մեկ ճանապարհ, մեկ գոտին» այսօր գլոբալ ծրագիր է, և գերտերություններ կան, որոնք անհանգստանում են այս ծրագրից, որովհետև կարծում են՝ Չինաստանը մեծ ազդեցություն է ձեռք բերելու՝ հատկապես Եվրասիական տարածաշրջանում: Որոշակի անհանգստություն կա նաև ԱՄՆ-ում, քանի որ Չինաստանը տնտեսական առումով շատ ցուցանիշներով ԱՄՆ-ից էլ է արդեն առաջ անցնում:

Որքան էլ հիմա առևտրային պատերազմ լինի, այս երկու երկրների միջև, այնքան սերտաճած են նրանց բիզնեսն ու տնտեսությունն իրար հետ, որ առանց իրար չեն կարող ոչ զարգանալ, ոչ էլ հետընթաց ապրել: Ի դեպ, այս ծրագրում փորձում են ներգրավվածություն ունենալ մեր ոչ բարեկամ հարևանները և, բնականաբար, աշխատելու են այնպես անել, որ Հայաստանը դուրս մնա տարածաշրջանային տնտեսական այս նախագծերից:

Ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ Հայաստանը տարածաշրջանային բոլոր տնտեսական նախագծերից դուրս է մնացել: Միակ տնտեսական նախագիծը, որին մասնակցում է, ԵԱՏՄ-ն է: Դուրս է մնացել բոլոր տեսակի նավթային, գազային, երկաթուղային նախագծերից՝ ադրբեջանական և թուրքական համատեղ աշխատանքի շնորհիվ: Եվ, եթե բաց թողնենք նաև Չինաստանի գլոբալ նախագծերն ու այս ուղղությամբ ակտիվ չաշխատենք, ապա Հայաստանը դատապարտված է ևս մեկ տնտեսական նախագծից դուրս մնալ: Իսկ սա մեզ տնտեսական առումով հետ է տանելու, և վերականգնվելու հնարավորություն այլևս չենք ունենա»,- նկատեց Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել էր Չինաստան։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս