«Չգիտեն՝ կովը քանի՞ պտուկ ունի, բայց կովի համար շինարարություն են անում»
Հայաստանում անասնաբուծությունը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարությունը գյուղացիներին առաջարկում է խելացի անասնագոմերի կառուցման ծրագիր:
Նոր ծրագրի իրականացման արդյունքում կառավարության հաշվարկով կկառուցվեն շուրջ 230 խելացի անասնագոմեր, կբարձրանա մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակը՝ մինչև 3500-4000 լիտր, կավելանա անասնագլխաքանակը, կավելանան կաթի արտադրության ծավալները:
«Սա ոչ թե՝ ծիծաղելի, այլ զարհուրելի է: Մարդիկ կան՝ խոսում են «խելոք» գոմերից: Եթե կյանքում գոմ չեն տեսել, դա ուրիշ հարց է: Սովետական Միության 1980-ական թթ. գոմերը «խելոք» էին, որովհետև ունեին աղբահանման, օդափոխության, կթի համակարգ: Հիմա, դրա՞նք էին խելոք գոմեր, թե՞ ձեր այս կարբոնատե առաստաղով գոմերը»,- խոսքն ուղղելով Կառավարությանը՝ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:
«Երբ հարց ենք տալիս՝ ընկեր շինարարներ, քանի՞ տարվա երաշխիք եք տալիս, չեն կարողանում պատասխանել, որովհետև մեկ տարվա ընթացքում կարող է քամին տա՝ այդ կարբոնատը պոկի և տանի: Թե ո՞վ է կարբոնատից տանիք տեսել: Այսինքն՝ սա էլ փող լվանալու մի ձև՞ է: Հասկանում եմ՝ օրը մեկ կոստյում պետք է հագնեն, ախորժակներն էլ է բացվել, բայց բերել անորակ շինությունը և վարկ ձևակերպել ու գյուղացուն ասել, որ սա «սմարթ» գոմ է…: Դու կյանքում գոմ չես տեսել, տղա ջան, մի հատ գնա գոմերը տես, նոր արի ասա՝ «սմա՞րթ» է, թե՞ ուրիշ բան: Չգիտեն՝ կովը քանի՞ պտուկ ունի, բայց կովի համար շինարարություն են անում»,- նկատեց Հրաչ Բերբերյանը:
Նշենք, որ ծրագիրը նախատեսում է 2 փուլ: Գյուղացին պիտի սեփական միջոցներով կառուցի գոմը: Գոմի կառուցման ավարտից հետո Գյուղնախարարության մասնագետները կայցելեն, կստուգեն շինարարության ընթացքը: Իսկ կադաստրային գրանցումից հետո արդեն գյուղացուն կտրվի ֆինանսավորում։
Կառավարության հաշվարկով այսօր Հայաստանում տավարաբուծությամբ զբաղվում է շուրջ 170 000 գյուղացիական տնտեսություն, որոնց գերակշռող մասը փոքր տնտեսություններն են։ Այս տնտեսություններում, գյուղնախարար Գեղամ Գրիգորյանի խոսքով, չեն պահպանվում կենդանիների համար անհրաժեշտ զոոհիգիենիկ չափանիշերը, և կիրառվում են պահվածքի ու կերակրման ավանդական տեխնոլոգիաներ, որի հետևանքով հայ գյուղացին չի ապահովում կաթի տեղական արտադրության պահանջարկը:
Անի Կարապետյան