«Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը 500.000 դրամի փոխարեն՝ լինելու է 29.000 դրամ». Արմեն Խաչատրյան
Կառավարության նիստում հաստատված վարորդական բալային համակարգը մի քանի խնդիր է լուծելու՝ երթևեկության անվտանգության բարձրացում, սոցիալական բեռի թեթևացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը: Երկրորդ էֆեկտը սոցիալական բեռի թեթևացումն է, ոչ միայն տուգանային միավորներ են կիրառվում, այլ տուգանքների չափեր են նվազում: Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը լինելու է 29 հազար դրամ՝ ներկայիս 500 հազար դրամի փոխարեն»,- մանրամասնեց նա:
Ճանապարհային երթևեկության խնդիրներին անդրադառնալով՝ Խաչատրյանը խոսեց ճանապարհատրանսպորտային պատահարների մասին՝ արձանագրելով, որ 2019 թ. հունվարի 1-ից մինչև օրս գրանցվել է 109 զոհ, իսկ 2018 թ.՝ 343 զոհ և 6000 վիրավոր։
«Հաշվի առեք, որ այդ 6000 վիրավորների 1-2 տոկոսը մնում են անաշխատունակ ՝ հաշմանդամության տարբեր աստիճաններ են ստանում»,- հավելեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ երթևեկության անվտանգության մակարդակը ՀՀ-ում շատ մտահոգիչ է: Այդուհանդերձ նա նկատեց, որ վերջին մեկ տարում շատ բան է փոխվել երթևեկության կուլտուրայում՝ դրական առումով, հատկապես՝ վարորդների միմյանց զիջելու և իրավախախտումներ թույլ չտալու առումով։
168.am–ի հարցին, թե ինչով է պայմանավորված այդ մեկ տարվա փոփոխությունը՝ Խաչատրյանն արձագանքեց. «Պայմանավորում եմ համընդհանուր խանդավառությամբ և մեկը մյուսին հարգելու այդ մշակույթի ձևավորմամբ։Ամեն դեպքում, սա փաստ է, և ոչ միայն՝ երթևեկության մեջ, այլև՝ մարդկային գործունեության շատուշատ բնագավառներում նկատվում է այդ երևույթը…»։
Հիշեցնենք, որ Կառավարությունը նախօրեին հավանություն էր տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ օրենքի նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի 6 ամիս անց:
Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան