«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ
ԱՀ առողջապահության նախարարության «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում մայիսի 15-16-ը Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկ-մասնագետներ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում իրականացնում են քաղաքացիների անվճար ընդունելություն, խորհրդատվություն՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաև վիրահատություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ալերգոլոգ Սաթենիկ Բախչինյանն ասել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Արցախի հիվանդանոցների հետ ունենալով շարունակական համագործակցություն, հերթական անգամ իրենք եկել են տեղի բնակիչներին բժշկական օգնություն ցուցաբերելու:
Նրա խոսքով՝ հիվանդանոցն ունի լիարժեք պայմաններ, և ապահովված է գրագետ մասնագետներով ու անհրաժեշտ սարքավորումներով:
Խոսելով ալերգիկ հիվանդությունների մասին՝ մեր զրուցակիցն ասել է. «Գարունը համարվում է ալերգիաների սեզոն, և դրա համար ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ, հիվանդների քանակը շատ է: Գարնանը հիմնականում մարդկանց մոտ ի հայտ են գալիս սեզոնային ալերգիաներ, ասթմա և այլն: Մենք նշանակում ենք հակաալերգիկ դեղամիջոցային բուժումներ: Ալերգիաներն անբուժելի հիվանդություններ չեն, պարզապես պետք է մարդ համառություն ունենա և կատարի հետևողական աշխատանքներ»:
Բժիշկ-ուրոլոգ Էդուարդ Վարդանյանն էլ ասել է, որ ինքը տեղի բժիշկների մասնակցությամբ արդեն իրականացրել են վիրահատություն՝ կատարելով երիկամների երկկողմանի ստենտավորում: Տեղի մասնագետներն ունեն մեծ փորձ, տեսական բավականին գիտելիքներ:
Ըստ Է. Վարդանյանի՝ կանայք հիմնականում դիմում են ստորին միզուղիների բորբոքային խնդիրներով, տղամարդիկ՝ ադենոմաների բողոքներով:
Առիթմոլոգիական ծառայության բաժանմունքի ղեկավար Միհրան Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը երկրորդ անգամ է հանրապետական բժշկական կենտրոնում:
«Առաջին այցի ժամանակ հետազոտել եմ ավելի քան 100 քաղաքացու:Հիվանդների մի մասն այն քաղաքացիներն են, ովքեր վիրահատվել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ մյուս խումբն էլ նրանք են, ովքեր ունեն նեղ մասնագետների խորհրդատվության կարիք:
Նշեմ, որ տեղի մասնագետները ցուցաբերում են բարձրակարգ բժշկական օգնություն: Մեր այցի ընթացքում տեղի մասնագետների հետ իրականացնում ենք նաև փորձի փոխանակում, համատեղ կատարում վիրահատություններ: Մեր խմբում ընդգրկված են նաև վնասվածքաբան-օրթոպեդ, նյարդաբան, անոթաբան, ռևմատոլոգ և այլն»,- մասնավորապես ասել է Մ. Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենց այցի ընթացքում նախատեսված է չորս բարդ վիրահատություն: