Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց պաշտպանական կողմի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 14-ին, շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց նախնական դատական նիստը, որի ընթացքում դատավորը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնելու հարցին։
Երեկվա նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վ. Գրիգորյանին՝ համարելով, որ իր պատասխաններով վերջինս չի փարատել իրենց կասկածներն առ այն, որ ինքն արտադատարանական շփումներ ունի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, բացի դրանից, հստակ պատասխան չի հնչել այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք ինքը ողջ ծավալով ծանոթ է այս գործի նյութերին։ Ինքնաբացարկի համար պատճառ են համարում նաև այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), և այդ փաստը ևս կարող է կաշկանդել նրան։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես միացել էր ինքնաբացարկի միջնորդությանը։
Դատավորի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր։
Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նիստը սկսվելուց անմիջապես հետո դատավորը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը, որով նա մերժեց այդ միջնորդությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։