«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը երկարաձգվում է տարաձայնությունների պատճառով՝ ռիսկեր ստեղծելով շփման գծում»

«Իրավիճակը բավականին խրթին է, հակամարտության գոտում կրկին բարձր է անվերահսկելի իրավիճակի վտանգը, քանի որ ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չեն գտել այն ուղիները, որոնք ապահովում են շփման գծում հարաբերական խաղաղություն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտ զորքերի շփման գծում փոփոխված իրավիճակին։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց ադրբեջանական կողմի գործողությունների մասին՝ ԵԱՀԿ ՄԽ ուշադրությունը հրավիրելով դրանց վրա։ Օրեր անց, իր հերթին՝ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն էր նշել, որ պատերազմի հավանականությունը բավականին բարձր է։

Կոնրադ Զաշտովտն ասաց, որ առանց էական տեղաշարժերի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում իրավիճակը պետք է կրկին վերադառնար այն իրավիճակին, ինչ մինչ այս ակտիվ բանակցային փուլն էր, որը որոշ հույսեր էր արթնացրել կողմերի և միջնորդների մոտ հակամարտության կարգավորման գործընթացի ապագայի վերաբերյալ։ Սակայն, նրա դիտարկմամբ, ցավալիորեն իրավիճակի հետզհետե վերադարձը նախկին ռեժիմին՝ նշանակում է, որ այս ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք իրատեսական են դարձնում կարգավորման հեռանկարը, այսինքն՝ կրկին կողմերից յուրաքանչյուրը խոսել է այն սկզբունքից, այն կետերից ու առաջնահերթություններից, որոնք իրեն են հետաքրքրում։

«Վերջին բանակցային փուլի ձեռքբերումներից կարելի է դիտարկել հումանիտար նախաձեռնությունները ԼՂ հակամարտության գոտում, սակայն, ինչպես երևում է, դրանք չեն փոխում իրավիճակ բանակցություններում և անհրաժեշտ մթնոլորտ չեն ձևավորում, քանի որ կողմերից մեկը կամ կողմերը դրանք գուցե արհեստական կամ ոչ տեղին օրակարգ են համարում։ Սակայն, բնականաբար, դրական սցենարը կլիներ այն, որպեսզի կողմերն այս ճանապարհով հաստատեին դրական մթնոլորտ հետագա բանակցությունների համար, որոնց, ըստ հայկական կողմի՝ պետք է միանա Լեռնային Ղարաբաղը։

Իրավիճակը բավականին խրթին է, կրկին բարձր է անվերահսկելի իրավիճակի վտանգը հակամարտության գոտում, քանի որ ո՛չ կողմերը, ո՛չ միջնորդները չեն գտել այն ուղիները, որոնք ապահովում են շփման գծում հարաբերական խաղաղություն: Այսինքն՝ պայմանավորվածությունները, համաձայնագրերն այդ ուղղությամբ պարզապես չեն գործում, ինչը վտանգավոր է։

Կողմերը շարունակում են ձեռք բերել ժամանակակից սպառազինություն, այսինքն՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, միևնույն ժամանակ՝ առիթը բաց չեն թողնում հանդիպել, քննարկել հարցեր, բայց դա ժամանակավոր ազդեցություն է ունենում, քանի որ՝ կրկնեմ, չկան կարգավորման այնպիսի փաթեթներ, որոնք ընդունելի կլինեն, այնպիսի միջնորդներ, որոնց ջանքերն ազդեցիկ և անկողմնակալ կլինեն, այնպիսի ձևաչափ, որը կունենա ավելի բարձր քաղաքական կշիռ»,- նման կարծիք հայտնեց փորձագետը՝ շարունակելով, որ՝ իրավիճակը հակամարտության գոտում բարդ է՝ լի պատերազմի բռնկման վտանգով։

Ուստի, նրա համոզմամբ, կողմերը՝ պատրաստ չլինելով ռազմական լայնածավալ գործողությունների, պետք է շահագրգռված լինեն բանակցային գործընթացով, ընթանալով փոխզիջումային ճանապարհով։

Լեհ վերլուծաբանի խոսքով՝ տվյալ իրավիճակում ամենակարևորը հրադադարի պահպանման արդյունավետ մեխանիզմների մշակումն է, շփման գծում մշտադիտարկումների ավելացումը և այլ միջոցառումները, որոնք թույլ չեն տա  կողմին, որը նախաձեռնել է լարում, խուսափել պատասխանատվությունից։ «Սա հարկավոր է, քանի որ քաղաքական գործընթացը երկարաձգվում է տարաձայնությունների պատճառով՝ ռիսկեր ստեղծելով շփման գծում։ Սա պետք է բացառել»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս