Ո՞ւմ է վատություն անում կառավարությունը
Մի տեսակ տպավորություն է, որ կառավարությունը հատուկ ամեն ինչ անում է տնտեսական հատվածի մասնակիցներին լարվածության ու խուճապի մեջ պահելու համար։ Առանց մտածելու հնարավոր բացասական հետևանքների մասին` մարդկանց բռնում են, նստեցնում, փողը վերցնում, հետո էլ բաց են թողնում։
Հասկանալի է, որ կառավարությունը բյուջեի միջոցների ապահովման խնդիր ունի։ Բայց մի՞թե կարելի է այդքան հեշտ ու հանգիստ տնտեսությունը դնել նման հարվածի տակ։ Պատահական չէ, որ տնտեսական գործընթացները ոչ մի կերպ առաջ չեն գնում։ Սեփական գործունեությունն ընդլայնելու, նոր ծրագրեր իրականացնելու մասին մտածելու փոխարեն` տնտեսավարողներն ամեն պահի սպասում են, թե երբ է հերթը հասնելու իրենց։ Ու դա նրանց խոստանում են ամենաբարձր մակարդակով։
Սրանից ավելի մեծ հարված տնտեսությանն ու ներդրումներին՝ դժվար է պատկերացնել։ Եթե նպատակը բյուջեի փողերը վերադարձնելն է, ապա դա կարելի է անել նաև այլ եղանակով։ Բայց չէ, կառավարությունը պարտադիր պետք է գնա արհեստական լարվածություն ստեղծելու ճանապարհով։ Այնպես, ինչպես եղավ նույն «Սպայկայի» սեփականատիրոջ կալանավորման դեպքում։ Մարդուն բռնեցին, պետության նկատմամբ չկատարված հսկայական գումարների պարտավորություններ մեղսագրելով` նստացրին, հետո փողը վերցրին ու բաց թողեցին։
Ինչպես հայտնի է, շուրջ մեկ ամիս նստելուց հետո, հայտարարվեց «Սպայկա» ընկերության սեփականատիրոջը հանկարծակի կալանքից ազատելու մասին։ Դա պատճառաբանվեց նրանով, որ վերացել են նրան փակի տակ պահելու հիմքերը։ Քրեական գործի շրջանակներում միասնական հաշվեհամարին է փոխանցվել 1 մլրդ դրամ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` «նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը փոխելու մասին»։
Նախ՝ անհասկանալի է, թե ի՞նչ միասնական հաշվեհամարի մասին է խոսքը, որին փոխանցվել է 1 մլրդ դրամը։ Եթե դա վերաբերում է բյուջեի միասնական հաշվին, ապա պետք է ենթադրել, որ գործ ունենք, այսպես ասած, պարտադրված կանխավճարի կամ գերավճարի իրականացման հետ։
Ամեն դեպքում, դա դեռ պետության գումարը չէ և այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարկային պարտավորությունների դիմաց չի գանձվել պետական բյուջե։ Դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի ընկերությունը ներկայացնի ճշտված հաշվետվություն` նախկինում իրականացված տնտեսական գործունեության և գոյացած հարկային պարտավորությունների վերաբերյալ, կամ այլ օրինական ձևերով հիմնավորվի, որ այդպիսիք կան։
Ո՞ր տարբերակը կընտրվի, այնքան էլ էական չէ։ Կարևոր չէ նաև այն, որ «Սպայկա» ընկերությանը ներկայացվել էր շատ ավելի մեծ գումարի հարկային պարտավորություններ թաքցնելու մեղադրանք, քան վճարված 1 մլրդ դրամն է։
Հիշեցնենք, որ խոսքն ավելի քան 7 մլրդ դրամի մասին էր, ընդ որում, միայն մեկ տարվա կտրվածքով, ու այն, ինչպես բազմիցս հայտարարվել է տարբեր պաշտոնյաների կողմից, դեռ կարող է մի քանի անգամ ավելանալ։
Հիմա ի՞նչ փոխվեց։ Եթե կարելի էր 1 մլրդ դրամ վճարելով՝ խուսափել մարդուն կալանավորելուց, նրա տնտեսական գործունեությունը վտանգելուց և հասարակության ու տնտեսության մեջ բացասական սպասումներ ձևավորելուց, ինչո՞ւ դա չարվեց հենց սկզբից։ Առանց այդ էլ, ընկերության սեփականատերը ժամանակին պատրաստ էր վճարել այդ գումարը։
Որ պետությունից գողացված գումարները պետք է վերադարձվեն, միանշանակ է։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց պարտադի՞ր էր մարդուն բռնել, նստեցնել, այդքան աժիոտաժ սարքել, տնտեսական հատվածի մյուս մասնակիցների շրջանում լարվածություն ու խուճապ առաջացնել, նոր հասկանալ, որ նա կարող է նաև ազատության մեջ լինել։
Ինչի՞ համար էր այդ ամենը։ Գուցե այդքան ժամանակ էր պետք իշխանություններին՝ հասկանալու, որ առանց այդ ընկերության՝ չեն կարող գլուխ հանել մթերումներից, հատկապես՝ գյուղատնտեսական ապրանքների մթերումներից, որոնց մեկնարկը սարերի հետևում չէ։
Թե՞ նպատակը խոշոր ներդրումային ծրագիրը վիժեցնելն էր։ Ինչպես հայտնի է, «Սպայկայի» սեփականատիրոջ ձերբակալման պատճառով որոշ գործընկերներ հայտարարեցին սկսված ծրագրերը սառեցնելու մասին։
Նման նախաձեռությամբ հանդես եկավ, մասնավորապես, Եվրասիական զարգացման բանկը, որը հայտնեց «Սպայկային» վարկի տրամադրման գործընթացը դադարեցնելու մասին։
Հարց է առաջանում, հիմա ի՞նչ է լինելու այդ վարկի ճակատագիրը։ Գործընթացը վերսկսվելո՞ւ է, թե՞ այդպես էլ շարունակելու է մնալ առկախված։
Ի վերջո, ի՞նչ շահեց պետությունն այս ամենից։ Այն, որ ստացավ 1 մլրդ դրամ լրացուցիչ մուտք` նախկիում «Սպայկայի» չվճարած պարտավորությունների դիմա՞ց։ Իսկ ինչքա՞ն տուժեց երկրի ներդրումային միջավայրը դրա հետևանքով։ Այս հարցը կարծես կառավարությանը քիչ է հուզում։
Ու այսքանից հետո պատահական չէ, որ տնտեսության մեջ ֆինանսական հոսքեր չկան։ Չկան՝ ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։ Դրանք չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի գիտակցել իր պատասխանատվությունը ներդրողների նկատմամբ ու գործողությունների հետևանքները երկրի ներդրումային միջավայրի վրա։
Միայն «Սպայկայի» մասով հարցականի տակ դրվեց շուրջ 100 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր, որը ենթադրում էր հարյուրավոր նոր աշխատատեղերի ստեղծում։ Չհաշված, որ այս ամենը լուրջ ահազանգ է պոտենցիալ ներդրողների համար։
Այսքան բան տեսնելուց հետո, ո՞վ ցանկություն կհայտնի ընդլայնել բիզնեսը կամ նոր ծրագրեր իրականացնել։ Ինչպե՞ս կարելի է այսքան հեշտ ու հանգիստ վտանգել խոշոր ծրագրի իրականացումը՝ լավ իմանալով, որ առանց այդ էլ ներդրողները ոգևորված չեն Հայաստանի ներդրումային գավչությամբ ու թավշյա հեղափոխության ընձեռած այն անսահման հնարավորություններով ու ազատություններով, որոնց մասին սիրում է խոսել վարչապետը։
Որքան էլ պետությունից գողացված փողերն անխոս պետք է վերադարձնել բյուջե, այնուհանդերձ չպետք է մոռանալ, որ դա ընդամենը մեկանգամյա մուտք է։ Շատ ավելի կարևոր է տնտեսությունը, որն ապահովում է պետության ֆինանսական միջոցների շարունակականությունը։ Ահա այս մասին է պետք մտածել և հետևություններ կատարել` քայլ անելուց առաջ։
Բնավ զարմանալի չէ, որ երկրից կապիտալի արտահոսքը բավական մեծ տեմպերով շարունակվում է։ Բայց դա մեկ այլ թեմա է, որին անդրադառնալու առիթ դեռ կունենանք։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ