«Պաշտոնական խորհրդատուին թողած` վստահում են ինչ-որ ասեկոսեների». Ինչու Բնապահպանության նախարարությունը սիգի պաշարներն ուսումնասիրելու համար տենդեր չի հայտարարել
ՀՀ բնապահպանության նախարարությունն այս տարի Սևանա լճում սիգի պաշարների հաշվարկի համար ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին գումար չի տրամադրելու։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
«Սովորաբար Բնապահպանության նախարարությունն ամեն տարի սիգի պաշարների հաշվարկի համար տենդեր է հայտարարում։ Սովորաբար, մեզանից բացի, Հայաստանում որևէ մեկը չի կարողանում այդ գործն անել, այդ պատճառով էլ ամեն տարի մենք մասնակցում և տենդերը շահում ենք։ Բայց այս տարի նախարարությունը որոշեց, որ տենդեր չի լինելու, երբ պատճառների մասին հետաքրքրվեցի, նախ՝ պատասխանեցին, որ տրամադրվող գումարը քիչ է, որի արդյունքում էլ հաշվարկի արդյունքները լիարժեք չեն լինի, ուստի տենդեր չեն հայտարարել, մինչև գումար հայթայթեն։
Մյուս կողմից էլ՝ ասել էին, որ մեր հաշվարկների արդյունքում եղած տվյալները վստահելի չեն։ Այժմ ինձ մոտ հարց է առաջանում, եթե վստահելի չէին մեր տվյալները, ինչո՞ւ էին արդյունքներն այդքան տարի ընդունում ու ոչինչ չէին ասում։ Բացի այդ, ամենալավ ապացույցը կյանքն է, որը ցույց է տվել, որ այսքան ժամանակ ինչ որ ասել ենք ձկան և խեցգետնի վերաբերյալ՝ կատարվել է»,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը։
Սովորաբար նախարարության կողմից տենդերը հայտարարվում է ամեն տարվա մարտից մայիսն ընկած ժամանակահատվածում, քանի որ սիգի պաշարների հաշվարկի գործընթացը կենտրոնը սկսում էր հունիսի կեսերից։ Բայց այս տարի ապրիլին կենտրոնում արդեն տեղեկացել են, որ տենդեր չի հայտարարվելու, և սիգի պաշարների հաշվարկն իրենք չեն իրականացնելու։
Բարդուխ Գաբրիելյանին զարմացրել է, որ մինչև այսօր Բնապահպանության նախարարությունում իրենց հաշվարկներին չեն վստահել, բայց իրենցից ընդունել են հաշվետվություն, սա էլ՝ այն դեպքում, որ այսօր հաշվետվություն ընդունող մարդիկ կրկին նույնն են՝ փոխվել է միայն նախարարը։
Նրա խոսքով՝ նախարարությունը միշտ դիմում է կենտրոնին, որպեսզի այդ կամ այլ ծրագրի ու խնդիրների վերաբերյալ ստանա կարծիք։
«Փաստորեն, կարծիք ստանալու համար մենք վստահելի ենք, բայց ձկնապաշարի ուսումնասիրության մասով հանկարծ պարզվեց, որ վստահելի չենք։ Ինչ-որ մեկը երևի բաներ է ասել, որ շուկաներում, լճի վրա այսքան ձուկ կա, ինչպե՞ս կարելի է այդ խոսակցություններին հավատալ, բայց չհավատալ մեր կենտրոնին, որը հանդիսանում է, ի դեմս ակադեմիայի՝ որպես ինստիտուտ, Կառավարության պաշտոնական խորհրդատուն։ Այսինքն՝ պաշտոնական խորհրդատուին թողած՝ վստահում են ինչ-որ ասեկոսեների»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց, որ սիգի պաշարների հաշվարկի համար նախարարությունը սովորաբար տրամադրում է 7,5 մլն դրամ, որի մոտավորապես 20 տոկոսը տալիս են ԱԱՀ։ Մնացած գումարը, ըստ Բ. Գաբրիելյանի, շատ քիչ է ձկան պաշարների հաշվարկի համար, հատկապես, որ այդ գումարով ուսումնասիրում են խեցգետնի ու նրա պոպուլյացիայի վիճակը, ինչպես նաև՝ դիտարկում գետերի ընդհանուր վիճակը։
«Մեզ տրամադրվող գումարին նաև ավելացրել ենք մեր տնտեսումներից գոյացած գումարներ, բայց միշտ ասել ենք, որ հույս չունենան, որ ամեն տարի տնտեսումներից գումար կհատկացնենք, այո, ասել ենք, որ այդ գումարը քիչ է։ 6-7 տարի է, նույն գումարն է, բայց կյանքը թանկանում է, ու մենք այդ գործը նույն գումարով անում էինք, այդ պատճառով էլ գումարը քիչ լինելու հարցը բարձրացրել ենք։ Իրենք էլ ենթադրել են, որ մենք քիչ գումարից բողոքում ենք, ուրեմն գործը նորմալ չենք անում։
Նախարարից նույնիսկ հարցրել եմ՝ հնարավո՞ր է՝ մենք վստահելի չենք, դրա համար տենդեր չեն հայտարարել, նա էլ պատասխանեց, որ խնդիրը դա չէ, ուղղակի մեզ տրամադրվող գումարը քիչ է, որոշել են այս տարի տենդեր չհայտարարել։ Եթե իրենք մեզ չէին վստահում, թող կանչեին ու բացատրություն պահանջեին իրենց կասկածների վերաբերյալ, մենք մեր հիմնավորումները կտայինք կամ չէինք տա, որից հետո թող որոշում ընդունեին»,- ընդգծեց Բարդուխ Գաբրիելյանը։
Նա նաև հավելեց, որ ցանկանում են դիմել նախարարություն, որպեսզի այնտեղի ու կենտրոնի մասնագետները լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպեն, ու նախարարության մասնագետներն ապացուցեն, որ կենտրոնում իրենց վստահելի տվյալներ չեն փոխանցում։
Նա նաև տեղեկացրեց, որ կփորձեն գումարներ հայթայթել, որպեսզի սիգի պաշարներն ուսումնասիրեն, բայց արդեն ստացած տվյալները պաշտոնապես չեն փոխանցի նախարարությանը։
Զվարթ Խաչատրյան