Բաժիններ՝

Այս տարվա առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել է մարզային և համայնքային արդիական նշանակության հարցերի լայն շրջանակ։

Մինչ բուն օրակարգին անցնելը, նախարար Պապիկյանն արդյունավետ է որակել Արարատում անցկացված ներդրումային գործարար համաժողովը և համոզմունք հայտնել, որ մարզերի գործարար միջավայրի ու ներդրումային կլիմայի բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունն իր առարկայական դրսևորումը կստանա տարբեր բիզնես նախագծերում։

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերլուծությունները ցույց են տվել, որ 2019թ․ առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտների հավաքագրումն աճել է շուրջ 2 մլրդ դրամով կամ 2,5 տոկոսով։ Նախարարը նշել է նաև, որ չնայած ընդհանուր դրական միտումներին, կան որոշ ռիսկային համայնքներ, որոնց արձանագրած արդյունքները ցածր են միջին հանրապետական ցուցանիշից։ Խնդրի կարգավորման և բյուջետային մուտքերի ավելացման նպատակով, Սուրեն Պապիկյանի համոզմամբ, անհրաժեշտ է տեղերում հասցեական աշխատանք տանել համայնքների ղեկավարների հետ։

Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիրել համայնքների կողմից ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային հայտերի ներկայացման ժամկետների ու փաստաթղթավորման գործընթացի վրա և հորդորել նրանց խստագույնս պահպանել սուբվենցիայի տրամադրման կարգով հայտերին ներկայացվող բովանդակային և տեխնիկական պահանջները։

Անդրադառնալով համայնքների միավորման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանն անհրաժեշտ է համարել տեղերում նախապես իրականացնել դաշտային աշխատանքներ, շփվել բնակչության հետ՝ հայեցակարգի հիմքում դնելով միավորվող համայնքների աշխարհագրական դիրքի, կենցաղ-մշակութային մտերմության, ավանդութային առանձնահատկությունների համադրումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս