Նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կարևորությանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթին՝ նշելով, որ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կարևորության, անվտանգության և անհրաժեշտության վերաբերյալ և անդադար ու շարունակաբար կներկայացվեն, մինչև այդ կյանքեր փրկող բժշկական միջամտության հանդեպ անհիմն ու անհեթեթ մեղադրանքների ձայնը կլռի։

«Ֆեյսբուք»-ի իր էջում նախարարը գրել է. «Ի պատասխան ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ԱԺ-ում հնչած ելույթի, տեղեկացնում եմ, որ առնվազն վերջին մեկ տարում բազմիցս ներկայացվել են ավելի քան բավարար ապացույցներ ՄՊՎ պատվաստման կարևորության, անվտանգության և անհրաժեշտության վերաբերյալ և անդադար ու շարունակաբար կներկայացվեն, մինչև այդ կյանքեր փրկող բժշկական միջամտության հանդեպ անհիմն ու անհեթեթ մեղադրանքների ձայնը կլռի:

Ինչ վերաբերում է սեփական քաղաքացիների առողջության նկատմամբ պետական հոգածության մասին հարցին, ապա անկեղծ ասած զարմացած եմ ԱԺ պատգամավորի կողմից նման հարցադրմանը։ Միգուցե՞ ֆեյսբուքյան տարատեսակ խմբերի մոդերատորները պետք է անհանգստանան տարեկան մոտ 120 մահացող կանանց կյանքերի մասին:

Մի հարցադրում էլ ես անեմ ԱԺ պատգամավորին։ Արդյո՞ք հակապատվաստումային նման հայտարարություններ անելով, փաստերը խեղաթյուրելով, սխալ և անընդունելի շեշտադրումներ անելով՝ նա ինքը չի նպաստում մեր կարևոր կանխարգելիչ այս միջոցառման տապալմանը։ Լավ կլինի, գոնե ներքուստ ցանկացած ոք պատատխան տա այս հարցին:

Կա գիտություն և մնացածը։ Կյանքեր փրկող գիտությանը դեմ գնացող ցանկացած ոք պետք է գիտակցի իր քայլերի կործանարար հետևանքները:

Հակապատվաստումային ցանկացած խոսք արժանանալու է կոշտ ու հաստատակամ պատասխանի՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից»:

Տեսանյութեր

Լրահոս